Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Նախ հանդիպման ժամանակ արձանագրել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի շատ էլեկտրաէներգիայի կարիք, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ գազի կարիք։ Մենք որոշակի ծավալով հաջողությամբ իրականացնում ենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, և ակնհայտ է, որ ծրագիրն ավելի մեծ ծավալներով իրականացնելու հնարավորություններ ունենք։ Նկատի ունեմ, օրինակ, որ խողովակի թողունակությունն ավելի մեծ է»,- ասաց Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո Հայաստանը կկարողանա մեծացնել նաև Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը։
«Հետևաբար՝ այդ գործարքն ընդլայնելու, այսինքն՝ ավելի մեծ ծավալով գազ և ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար մատակարարելու և ստանալու հնարավորություն ունենք։ Պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծել»,- նշեց նախարարը։
Թողնել պատասխան