ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է օգոստոսի 19-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին։
«Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում երեկվա տեղի ունեցածի հետ կապված մի բան ասել։ Առհասարակ ինքնահայեցումը, իմ կարծիքով, քաղաքական գործչի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ է։ Ես երեկ նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ Ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս։ Առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, ու դրանից հետևություններ կարվեն։ Սա առաջինը, բայց երկրորդը՝ նաև խնդրում եմ, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե Դուք էլ նայեք, Դուք էլ ձեր մասով ինքնահայեցման հարց կտեսնեք։ Այնպես որ, կարծում եմ, որ մեր աշխատանքային բնականոն գործունեությունը կկարողանանք վերականգնել», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալեքսանյանը՝ դիմելով Ղազինյանին։
Դավիթ Ղազինյանն իր հերթին ԱԺ նախագահությանը հորդորել է նիստերի վարման և կանոնակարգման հարցում ավելի արձագանքող լինել պատգամավորների առաջարկներին՝ նշելով, որ այդ դեպքում նման միջադեպեր չեն լինի։
Թողնել պատասխան