ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ. Սանամյանի և Սահմանապահ զորքեր…

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ. Սանամյանի և Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ. Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։
Զեկույցներով հանդես են եկել Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալներ՝ գնդապետ Վ. Մինասյանը, գնդապետ Լ. Սադոյանը, գնդապետ Լ. Կնյազյանը և այլ պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, զորքերի ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։
ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ. Սանամյանը և Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ. Մուրադյանը հատուկ ուշադրություն են դարձրել արձանագրված թերություններին և բացթողումներին։ Տրվել են համապատասխան ցուցումներ՝ խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ։ Քննարկվել են նաև անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման հարցեր։
Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, իսկ ծառայության ընթացքում բարձր արդյունքներ և դրական ձեռքբերումներ ցուցաբերած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով