ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի և անհասկանալի է համարում Գանձասարի վերաբ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի և անհասկանալի է համարում Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ նման խոսույթը չի համապատասխանում խաղաղության նկատմամբ անհրաժեշտ խնամքով վերաբերմունքի տրամաբանությանը։
Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։
Պատգամավորը, անդրադառնալով սեպտեմբերի 12-ին Գանձասարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևի հնչեցրած պնդումներին, վարչապետին առաջարկել է ամբիոնից հայտարարել, որ Գանձասարը հայկական է։
Փաշինյանը պատասխանել է, որ Գանձասարի ծագման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն արդեն ներկայացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի միջոցով։

«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին։ Եվ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը, և ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշել է, որ անիրագործելի է համարում խնդիր դնել Գանձասարի հայկական ծագումն Ադրբեջանի համար ապացուցելու ուղղությամբ։

«Բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Դա մենք պետք է արձանագրենք, որ անիրագործելի խնդիր է, բայց դա մեզ համար որևէ բան չի փոխում, չի փոխել և չի փոխելու։ Եվ էլի եմ ասում՝ մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք»,- նշել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև Հաջիևի հայտարարությունների ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա։

«Ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին մասին, մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանում պաշտոնյայի կողմից Գանձասարի վերաբերյալ արված հայտարարություններն այս համատեքստում անընդունելի են։

«Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանում՝ Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, իհարկե, առավել ևս այս տեսակետից անընդունելի է և անհասկանալի»,- հայտարարել է Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը շեշտել է, որ, չնայած նման դրսևորումներին, Հայաստանը պետք է շարունակի խնամքով վերաբերվել խաղաղության գործընթացին։

«Մյուս կողմից, սակայն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ։ Ընդ որում՝ սա նոր չէ, որ մենք ասում ենք։ Ես դրա մասին ասել եմ 2025 թվականի օգոստոսի 8-ին»,- ասել է Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով