«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է…

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է պետական պաշտոնյաների և ծառայողների վարձատրության համակարգը վերանայելու՝ Կառավարության նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այն կնպաստի պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։
Աղաջանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հարցին։
«Պետական կառավարման համակարգը մշտապես ունեցել է բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիր։ Այդ խնդիրն առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է։ Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոխվել են։
Այն աշխատավարձերը, որոնք փաստացի եղել են, պետական կառավարման համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր բարձրակարգ մասնագետների համար։ Մենք արդեն ութ տարի կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ ութ տարի անց այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է։ Ես ողջունում եմ Կառավարության որոշումը և վստահ եմ, որ այն համապատասխան արդյունք կունենա՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց Աղաջանյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով