Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցութ…

Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն՝ միաժամանակ կարևորելով ադրբեջանական կողմի՝ զինծառայողի կորստի մասին հայկական կողմին տեղեկացնելու հանգամանքը։ Նրա գնահատմամբ՝ խաղաղության բացակայության պայմաններում նման հաղորդակցություն չէր լինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյոք ԱԺ նախագահը պատրաստվում է որպես «խաղաղության գործընթացը խնամող» քաղաքական ուժի ներկայացուցիչ հստակ քաղաքական դիրքորոշում հայտնել Շաքիում տեղի ունեցածի վերաբերյալ։
Ղահրամանյանը շեշտել է, որ խոսքը միայն սահմանն ապօրինի հատելու մասին չէ․ զինված ադրբեջանցի զինծառայողը մուտք է գործել Հայաստանի քաղաքացու տուն, կրակել կնոջ վրա, տուժել են նաև երեխաները։ Պատգամավորը տեղի ունեցածը գնահատել է որպես խաղաղության գործընթացը խաթարող գործողություն։
Ի պատասխան՝ Ռուբինյանը նշել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է․
«Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է։ Բա մարդը, եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է։ Նկատե՞լ եք, որ մեղադրանք է առաջադրված, որ ձերբակալված է։ Նկատե՞լ եք դա»։
ԱԺ նախագահը նաև ընդգծել է, որ տվյալ զինծառայողը, ըստ երևույթին, խախտել է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի օրենքները՝ ապօրինի լքելով ծառայության վայրը։
Արձագանքելով պատասխանին՝ Ղահրամանյանը պարզաբանել է, որ ակնկալում է քաղաքական, այլ ոչ թե քրեաիրավական գնահատական։ Նա կրկնել է հարցը՝ շեշտելով նման միջադեպերի ազդեցությունը խաղաղության գործընթացի վրա։
«Քաղաքական գնահատականը հետևյալն է՝ տեղի է ունեցել հանցագործություն Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Հիմա՝ արդյոք վա՞տ է, որ հանցագործություն է տեղի ունեցել․ իհարկե, շատ վատ է։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սա կարող է վատ ընկալվել, այդ թվում՝ խաղաղության տեսանկյունից․ պատասխանն է՝ այո։ Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց որ տեսել է, որ իրենց զինծառայողը կորել է ու ենթադրել է, որ կարող է ներխուժած լինի Հայաստան, տեղեկացրել է հայկական կողմին․ այո, շատ լավ է։ Եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»,- պատասխանել է Ռուբինյանը։
Նա անդրադարձել է նաև նախկինում տեղի ունեցած նման դեպքերին՝ ընդգծելով Շաքիի միջադեպի հետ տարբերությունը։
«Ասեմ ավելին՝ մինչև այս իրադարձությունը բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ և՛ մեր կողմից է զինծառայող հայտնվել իրենց մոտ, և՛ իրենց կողմից է զինծառայող հայտնվել մեր մոտ և, փառք Աստծո, առանց որևէ միջադեպերի։ Իրար տեղեկացրել, վերադարձրել են։ Չեմ ասում՝ դեպքի կոնտեքստում, չեմ ասում, որովհետև հանցագործություն է տեղի ունեցել»,- նշել է ԱԺ նախագահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով