Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։
Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շինարարական աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ։
Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։
Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփեր, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։
Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և հիշեցրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի և սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծը։
Վարչապետը հանդես է եկել ելույթով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացմանը https://youtu.be/XwOzzID8Y_Q?si=kK-52cCTrY7PXGt1