Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա առիթով և հանդես եկել ելույթով, որում, մասնավորապես անդրադարձել է ջրային ոլորտի խնդիրներին: Վարչապետը տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է:
«Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը: Թերևս, հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ ասում ենք՝ ցանկացած հարցի լուծման համար Կառավարությունն ունի երեք լուծում: Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը՝ կրթությունը, և երրորդը՝ նույնպես կրթությունը: Ընդ որում՝ ասածս վերաբերում է բոլորիս: Երբ նման արձանագրում եմ անում, առաջին հերթին անում եմ ինքս իմ մասին, որովհետև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության ենթակա է»,- շեշտել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով, այդ թվում՝ իր երբեմնի հնչեցրած տեսակետների փոփոխությանը, վարչապետն ընդգծել է, որ կյանքը փոփոխությունների ընթացք է և չփոխվելը բերում է աղետների։
«Մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ չենք հասկանում, չենք ըմբռնում փոխվելու անհրաժեշտությունը, չենք ըմբռնում, որ առանց փոխվելու հնարավոր չէ բան փոխել։ Ջրայինն այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել: Դրա համար էլ տեղում դոփում ենք, և մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես: Եվ չի փրկելու, քանի դեռ չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը՝ պետական կառավարման համակարգից սկսած, ժողովրդական մակարդակով վերջացրած», — ասել է Նիկոլ Փաշինյանը: