Վարչապետն ընդգծել է ընդհանրապես գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունն ու կարևորությունը.«Մենք խնդիր պետք է դնենք, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող ոչ միայն պետք է չլինի, այլև տարբեր նշանակության այլ հողեր պետք է դառնան այգիներ, ու այսօրվա Հայաստանում այդ ջրային ռեսուրսը կա: Փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում տարեկան 5-7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս է ձևավորվում»:
Երկրի ղեկավարը խնդրահարույց է համարել նաև Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները, քանի որ այն մեր երկրի պաշարն է:
«Մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումը, ինտենսիվ գյուղատնտեսությունն է լուծումը: Այսօրվա մեր գյուղատնտեսությունը, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից, վնասաբեր է ամբողջությամբ, որովհետև չենք հաշվում իր ինքնարժեքը, կոնկրետ ջրի գինը թերագնահատված է, և գյուղատնտեսությունն աշխատում է վնասով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ այս թեմաների հետ պետք է առերեսվել, իսկ առերեսվելու համար կրկին կարևորել է կրթության անհրաժեշտությունը։
«Ես ուզում եմ, որ մենք այս պրոբլեմների հետ առերեսվենք, որովհետև առանց այս պրոբլեմների հետ առերեսվելու, մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել»,- ասել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ջրային ոլորտում առկա հարցերը լուծելու համար անհրաժեշտ է խնդիրներն ամբողջ խորությամբ ընկալել, լրացնել գիտելիքի պակասը, ավելացնել այդ գիտելիքն իրացնելու հմտությունները:
«Եվ մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ, տոնական համատեքստը չմթագնելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր այս ընթացքում իրենց կարողությունները ներդրել են, որպեսզի մենք ավելի վատ վիճակ չունենանք»,-ամփոփել է վարչապետը:
Ջրային ոլորտում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է պարգևներ և շնորհակալագրեր։
Թողնել պատասխան