Լավրովը Ալեն Սիմոնյանին պարզաբանել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգների մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արևմուտքի հետ Երևանի մերձեցման վտանգները։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Արտգործնախարարությունը հայտնել է, որ Լավրովը և Սիմոնյանը երկու երկրների միջև «անկեղծ և բովանդակալից մտքերի փոխանակում են անցկացրել արդիական հարցերի շուրջ»։
«Պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը՝ ավանդական դաշնակիցների հետ համագործակցության հաշվին», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ռուսական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոսկվայի և Երևանի միջև ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների արագ գործնական իրականացմանը։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան լսում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններ, որոնք հետաքրքրություն են հայտնում Ռուսաստանի հետ կապերի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու հարցում, սակայն «Եվրոմիության մեր գործընկերները շատ ակտիվորեն վարում են հակառակ քաղաքականություն» և անընդհատ ներկայացնում են տարբեր տարբերակներ՝ «կամ մեզ հետ, կամ նրանց հետ»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։