Գործակալությունը, հղում անելով արևմտյան հետախուզական և կառավարական պաշտոնյաների, գրում է, որ Ռուսաստանն ակտիվացրել է ջանքերը Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը կանխելու համար՝ վախենալով, որ դա կարող է ամրապնդել Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք։
«Համաձայն արևմտյան հետախուզության 5 աշխատակիցների հետ հարցազրույցների և փաստաթղթերի, որոնք տեսել է Reuters գործակալությունը, հունիսի 7-ին ընդառաջ Մոսկվայի գործողությունները ներառում են ապատեղեկատվական արշավը՝ hաջակցություն պրոռուսական թեկնածուների և Ռուսաստանից տասնյակ հազարավոր հայերի Հայաստան տեղափոխելու համարձակ ծրագիրը՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,- գրում է գործակալությունը։
Reuters-ը գրում է, որ դեպի ծով ելք չունեցող, 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը սառը պատերազմի տարիներից ի վեր հիմնականում գտնվել է Մոսկվայի ուղեծրում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հարցումների համաձայն՝ առաջատարն է առաջիկա ընտրություններում, մտերմացել է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ՝ դառնալով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը, որն էլ իր հերթին արդեն աջակցություն է հայտնել Փաշինյանին։
Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել էր Երևան, որտեղ համաձայնագիր էր ստորագրել օգտակար հանքանյութերի, ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կարող է ավելի թուլացնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը։
Reuters-ը նաև հիշեցրել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, 2024 թվականից էլ կասեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր մասնակցությունը՝ շեշտադրելով նաև այն, որ այս ամսվա ընթացքում Հայաստանում հյուրընկալվել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցնում իր դժգոհությունը Փաշինյանի շրջադարձի առնչությամբ։ Վերջին օրերին Մոսկվան զգուշացրել է, որ Հայաստանը ռիսկի է դիմում՝ կորցնել բնական գազի էժան մատակարարումները, ինչպես նաև սահմանափակել է հայկական արտադրանքների ներմուծումը՝ ներառյալ մրգերը, բանջարեղենը, ծաղիկներն ու կոնյակը։
Արևմտյան երեք չինովնիկի խոսքով՝ Մոսկվայի ենթադրյալ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, միլիարդատեր, որն անցնում է դատական պրոցեսներով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով»,- գրում է գործակալությունը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը հերքում է Ռուսաստանից աջակցություն ստանալու վերաբերյալ մեղադրանքները։