Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին:
Հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանն արձանագրել է ավիաընկերության հետ հաջող համագործակցությունն՝ ընդգծելով, որ Wizz Air-ը ՀՀ կառավարության համար հուսալի գործընկեր է։ Նա հույս է հայտնել, որ ապագայում թռիչքների աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:
Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:
ՀՀ ՏԿԵ նախարարն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան ավիաուղղություններ մեկնարկել, իսկ Վրաստանի դեպքում՝ դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը։
Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:
Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: