«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 3-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն
Արդեն երկրորդ անգամն է, ինչ օտար պետության պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակում է խիզախություն: Խոսքն օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տված որակման մասին է:
Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում նիկոլական խիզախությունն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, պետք է հիշել, թե ինչո՞ւ և ու՞մ կողմից Փաշինյանն առաջին անգամ արժանացավ «խիզախ» գնահատականին:
Առաջինը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին տվեց «խզախ» որակումը: Դա 2022թ․-ին էր՝ Պրահայում նույն թվականի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանին դավաճանաբար հանձնելու շրջանակներում: Նիկոլը համաձայնել էր մակրոնների, միշելների հակառուսական ծրագրերի շրջանակներում Արցախն ու 120 հազար արցախցու դարձնել մանրադրամ և դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Բնականաբար, հանուն իշխանական աթոռը պահելու հարցում նույն մակրոնների աջակցությունն ստանալու ակնկալիքով:
Հիմա Հայաստանն է դրվել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում, այն է՝ դավաճանական վարքագծի դրսևորում:
Օտար երկրների պաշտոնյաներին պետք չէ մեղադրել: Իրենք իրենց երկրների շահերն են պաշտպանում: Իրենց համար Նիկոլը խիզախ է: Այլ հարց է, որ հայ ժողովրդի համար այդ ամենը ուրիշ որակում ունի՝ սարսափելի հետևանքերով:
Ի դեպ, Նիկոլի «խիզախությունից» առաջին հերթին շահում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Այս ամենին պետք է վերջ դնել հունիսի 7-ի ընտրություններով:
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
——
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «
Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։