Category: Armen Press

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիս…

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։
    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։
    Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ։
  • Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս…

    Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա ևս 300-400 ընտանիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրի շահառու է դարձել շուրջ 17 հազար ընտանիք, իսկ պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։
    Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նա ընդգծեց, որ 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է 2.4 միլիարդ դրամ։
    Ղարագյոզյանը հիշեցրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիփոթեքային շուկան առավել պասիվ էր՝ կանխավճարի ապահովման դժվարությունների պատճառով։ Ծրագրի վերժնաժամկետը սահմանված է 2026 թվականի ավարտը։ 
    Անդրադառնալով ծրագրի բաղադրիչներին՝ նշեց, որ  ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսված է առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, որոնք ցանկանում են Հայաստանի ցանկացած մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։
    Պետական աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ, եթե դրա անհրաժեշտությունը չկա, հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
  • Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապ…

    Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգեց նախարար Արսեն Թորոսյանը։
    Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։

    «Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասաց Թորոսյանը։

    Թորոսյանն ընդգծեց, որ  ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

    «Պետք է մտածողության փոփոխության և պետական ծրագրերի միջոցով փորձենք փոխել այս իրավիճակը»,- նշեց նախարարը։

  • Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթեն…

    Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ
    Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։ 
    Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և առաջարկել ձևավորել երկու երկրների խորհրդարանների միջև կապեր, նախաձեռնել փոխադարձ այցեր և փորձի փոխանակում, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և օրենսդրական բարեփոխումների ոլորտներում։
    Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին։
    Կլոդիանա Սպահյուի խնդրանքով ներկայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։
    Կլոդիանա Սպահյուն ողջունել է միջխորհրդարանական կապերի հաստատման նախաձեռնությունը։ Նա նաև ընդգծել է ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում Ալբանիայի փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամությունը։
    Զրուցակիցները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և առկա ուղիղ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները։
  • Հայաստանի տարածք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝…

    Հայաստանի տարածք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 15-16-ին հանրապետությունում կպահպանվի բարձր ջերմային ֆոն։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    Նրա խոսքով՝ հանրապետության տարածք ներթափանցել են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք փչում են հարավից և հարավ-արևելքից՝ Իրաքի և Իրանի տարածքից։

    «Դրա արդյունքում այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ժամը 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է 37-38 աստիճան տաքություն, իսկ առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի»,- նշել է Սուրենյանը։

    Նա նաև տեղեկացրել է, որ հուլիսի 16-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը՝ դառնալով հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան, ինչի հետևանքով հանրապետությունում օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել։

  • ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության…

    ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը
    Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Բրյուսելից ժամանած Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) Քաղաքացիական գործողությունների շտաբի գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։
    Այս մասին հայտնում են նախարարությունից՝ մանրամասնելով, որ պատվիրակության կազմում են եղել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia/ԵՄԳԱ Հայաստան) ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և ԵՄԳԱ Հայաստանի այլ ներկայացուցիչներ։
    Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության պաշտոնական մեկնարկի առթիվ՝ նշելով, որ բարձր է գնահատում Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված գործընկերությունը և կարևորում է առաքելության գործունեությունը՝ ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապ…

    🇦🇲🇫🇷 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.
    «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
    Ջերմորեն շնորհավորում եմ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առիթով։
    Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության և եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այս օրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական և գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից։
    Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հենց այդ արժեքների հիմքի վրա խարսխված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն։
    Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն։ Միևնույն ժամանակ մեր համագործակցությունը հաջողությամբ ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունները, արհեստական բանականությունը, կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական օրակարգը։ Վստահ եմ, որ համատեղ ձևավորած հավակնոտ օրակարգի հետևողական իրականացումը մեր գործընկերությունը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։
    Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։
    Կցանկանայի վերստին ընդգծել, թե որքան բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայնության ամրապնդմանը և ժողովրդավարական զարգացմանը։ Առանձնակի երախտագիտությամբ եմ գնահատում այս ուղղությամբ Ձեր անձնական առաջնորդությունն ու հանձնառությունը։
    Վերստին շնորհավորելով Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանին ու Ֆրանսիային՝ նոր ձեռքբերումներ և մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդում՝ ի շահ երկու ժողովուրդների։
    Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։
    Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»։
  • Տեղի է ունեցել Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի բացման արարողու…

    Տեղի է ունեցել Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
    Ներկա էին նաև Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

    «Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,– նշված է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը և բոլոր գործընկերներին՝ հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցմանն աջակցելու համար, ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության և բարեկամության։
    Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։

  • Ոսկե Ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը…

    Ոսկե Ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը
  • Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույ…

    Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա