Category: Vardan Voskanyan

  • Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարծես թե չկա ոչ մի երկիր, որը ցանկանում է, որպե…

    Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարծես թե չկա ոչ մի երկիր, որը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը հարձակում իրականացնի Իրանի նկատմամբ. շատ երկրներ՝ այդ թվում Սաուդյան Արաբիան, նույնիսկ հայտարարել են, որ չեն տրամադրի իրենց օդային և ցամաքային տարածքը հնարավոր ռազմական գործողության համար։
    Այս առումով ստեղծվել է մի «յուրահատուկ» իրավիճակ, երբ Վաշինգտոնը հնարավորություն չունի գոնե ոչ բացահայտ տարածաշրջանային կոալիցիա կազմելու Իրանի դեմ կամ օգտվելու տարածաշրջանային իր դաշնակիցների հնարավորություններից և դրա դիմաց՝ իրանական պատասխան հարվածի տակ չդնելու նրանց։
    Կարծում եմ՝ սա է նաև պատճառներից մեկը, որ նախագահ Թրամփն այսքան երկար և դժվարությամբ է որոշում ընդունում։
    Սա ամենին չի նշանակում, թե ռազմական հարձակման վտանգն ամբողջովին չեզոքացված է, այն միանշանակ գոյություն ունի և բավական բարձր է, սակայն ակնհայտ է, որ դրա համար երկու շատ կարևոր պայման բացակայում է՝ հողի վրա այլևս չկան ցույցեր ու խժդժություններ Իրանում և չկան ԱՄՆ-ին օգնելու պատրաստ տարածաշրջանային դաշնակիցներ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ նաև նվաստիս մեկնաբանությունների…

    Իրանի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ նաև նվաստիս մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ «Մեդիահաբ» լրատվականի այսօրվա ռեպորտաժում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

    Զոհեր, ցույցեր, լարված իրավիճակ. ինչ է կատարվում Իրանում

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Իրանի շուրջ լարվածության այս փուլում երկու չափազանց կարևոր նոր հանգամանքներ են ի…

    Իրանի շուրջ լարվածության այս փուլում երկու չափազանց կարևոր նոր հանգամանքներ են ի հայտ եկել։
    Նախ՝ Իսրայելի պահվածքը չափազանց զուսպ և հավասարակշիռ է։ Ընդամենը մի քանի օր առաջ նույնիսկ այս երկրի կառավարության նիստում քննարկվել է, որպեսզի իսրայելցի պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ չանեն, որոնք Իրանին կարող են դրդել Իսրայելին հարվածներ հասցնելու։ Ակնհայտ է, որ Թել-Ավիվը մի կողմից չի ցանկանում «ուրիշի» պատերազմում թիրախ դառնալ, իսկ մյուսից՝ հավանաբար ճիշտ են այն տեղեկությունները, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել Իրան-Իսրայել ինչ-որ պայմանավորվածություն։
    Մեկ այլ գործոն նույնպես, ամենայն հավանականությամբ, ազդում է այս գործընթացի վրա, եթե Իսրայելը կարողացել էր նկատելիորեն թուլացնել Իրանի ստեղծած դիմադրության առանցքը, ապա 12-օրյա պատերազմից և վերջին ցույցերից հետո իրանական կողմն իր հերթին զգալիորեն չեզոքացրել է իսրայելական գործակալական ցանցը իր երկրի ներսում, ուստի հաստատվել է որոշակի հավասարակշռություն։
    Երկրորդ կարևոր հանգամանքը Թուրքիայի գրեթե բացահայտ աջակցությունն է Իրանին։ Եթե նախորդ ցույցերի ժամանակ Անկարայից քննադատական խոսք հնչում էր, ապա Թուրքիայի ԱԳՆ նախարար Ֆիդանի այսօրվա ասուլիսն, ըստ էության, աջակցության ցուցիչ էր Թեհրանին, քանի որ թուրքական կողմը փաստացիորեն դեմ է Իրանի դեմ հարձակմանը և ակտիվ դիվանագիտություն է վարում կողմերի միջև։ Աջակցության ցուցիչ էր նաև այն, որ թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել իրանցի ընդդիմադիրներին բողոքի ակցիաներ անցկացնել այս երկրում։
    Այս ամենն առաջին հայացքից կարող է շատ կարևոր չթվալ, բայց իրականում սրանք այն սաղմերն են, որ կարող են ծնել հետագա ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել Իրան-Թուրքիա հարաբերությունների ջերմացմանը և Թեհրանի ու Թել-Ավիվի միջև լարվածության չհայտարարված նվազմանը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Սպառնալիքների և հռետորաբանական պատերազմին զուգահեռ, ԱՄՆ-Իրան հարաբերություններու…

    Սպառնալիքների և հռետորաբանական պատերազմին զուգահեռ, ԱՄՆ-Իրան հարաբերություններում չափազանց բարդ և հետաքրքիր անդրկուլիսյան դիվանագիտական ակտիվություն կա, որի մանրամասները ավելի ուշ պարզ կդառնան։
    Նախագահ Թրամփը ժամեր առաջ նոր ենթադրությունների տեղիք տվեց՛ նշելով, որ Իրանում դադարել են սպանությունները և մահապատիժներ չեն իրականացվել, իսկ Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույց է տվել թրամփամետ ամերիկյան հեռուստաալիքին՝ համաշխարհային հանրությանը հենց ամերիկյան լրատվամիջոցով փոխանցելով դեպքերի իրանական պատումը։
    Թե ինչպես կընթանան զարգացումները, անհնար է կանխատեսել, սակայն փաստ է, որ կա Իրան-ԱՄՆ բավական ակտիվ դիվանագիտություն, ինչը հույս է ներշնչում, որ ռազմական բախումից խուսափել միգուցե հաջողվի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ոչ ոք չի կարող պնդել, թե ինչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահ Թրամփը՝ Իրանի հետ բանա…

    Ոչ ոք չի կարող պնդել, թե ինչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահ Թրամփը՝ Իրանի հետ բանակցելո՞ւ, թե՞ ռազմական հարված հասցնելու։
    Սակայն Իրանի հետ առևտրի համար 25 տոկոս տարիֆի նշանակման նոր պատժամիջոցը, ցույց է տալիս, որ Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ նույնիսկ ռազմական հարվածի դեպքում Իրանում տեղի կունենա իշխանափոխություն։
    Հակառակ պարագայում անիմաստ է թվում, նոր պատժամիջոցի կիրառումը։ Սա կողմնակի ցուցիչ է, որ կամ հարված չի լինի և առաջնայնությունը կտրվի բանակցությանը, կամ հարվածը կլինի խորհրդանշական։
    Կրկնեմ սակայն, որ այս ամենը ենթադրություն է, և ոչ ոք, բացի Թրամփից ու նրա մերձավոր կառավարական թիմից, չի կարող հստակ պնդել, թե ինչ է լինելու։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, բայց այս անգամ կարծես թե Իսրայելը շահագ…

    Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, բայց այս անգամ կարծես թե Իսրայելը շահագրգիռ չէ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությամբ։
    Պատճառները հավանաբար մի քանիսն են, բայց, կարծում եմ՝ առաջնայինն այն է, որ 12-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, որ Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումը նկատելի ռազմական, տնտեսական և ներքաղաքական իմիջային հարված է հասցնում Թել-Ավիվի իշխանություններին՝ հատկապես, եթե հաշվի առնենք իսրայելական հասարակության հոգնածությունը մշտական պատերազմներից։
    Իսրայելում չեն կասկածում, որ ԱՄՆ հարձակման դեպքում իրենց երկիրը ևս կթիրախավորվի Իրանի կողմից, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
    Ուշագրավ է, որ այս առումով էրդողանական վարչախումբը նույնպես կողմնակից չէ Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը։ Թուրքական շահը պահանջում է Իսրայելին և Սաուդյան Արաբիային զսպելու ունակ բավարար ուժով, սակայն տարածաշրջանային լայն հավակնություններ չունեցող Իրանի առկայություն, որը վերահսկում է նաև Թուրքիայի համար կենսական նշանակության քրդական խնդրի կարևոր հատված։
    Պարսից ծոցի արաբական երկրները ևս չեն ցանկանում Իրանի նկատելի թուլացում, քանի որ այդ դեպքում Սաուդյան Արաբիայի ազդեցության հնարավոր աճը՝ հատկապես Եմենում սրված ԱՄԷ-Սաուդյան Արաբիա հակամարտության ֆոնին, անհանգստացնում է այս պետություններին։
    Ինքը՝ Սաուդյան Արաբիան, նույնպես չափազանց թույլ Իրանի կողմնակից չէ, որովհետև այս դեպքում վտանգ կա Իսրայելի և Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության աճի։
    Կարճ ասած՝ Իրանն ապահովում է համաշխարհային գերտերությունների կողմից դեռևս վերջնականապես չբաժանված աշխարհում Մերձավոր Արևելքի տարածաշրջանային բարդագույն հավասարակշռության չափազանց փխրուն մեխանիզմի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, ուստի այն կարևոր է բոլորի համար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Դատելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարություններից՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններու…

    Դատելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարություններից՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում դիվանագիտական լուծումներն աստիճանաբար ավելի իրատեսական են դառնում, չնայած ռազմական բախման վտանգը պահպանվում է։
    Մասնավորապես, նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Լևիթը նշել է, որ ԱՄՆ նախագահը նախընտրում է Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծումը, սակայն չի բացառում ռազմական գործողությունները, եթե դրանք անհրաժեշտ համարվեն։
    Ըստ նրա՝ ռազմական տարբերակները բացառված չեն, բայց զուգահեռ դիտարկվում են դիվանագիտալան լուծումները, որոնց տրվում է առաջնահերթություն։
    Միևնույն ժամանակ նշվել էր, որ ԱՄՆ դիրքորոշումը դեռևս վերջնական չէ և կախված է իրադարձությունների զարգացումից։
    Ըստ Լևիթի՝ վարչակազմը քննարկում է տարբեր մոտեցումներ՝ սկսած պատժամիջոցներից և դիվանագիտությունից մինչև հնարավոր ռազմական գործողություններ, իսկ նախագահ Թրամփը կարող է վերջնական որոշում կայացնել առաջիկա օրերին՝ շարունակելով վերլուծել իրավիճակը և Թեհրանից ստացվող ազդակները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրան-ԱՄն հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց …

    Իրան-ԱՄն հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց որոշ հույսեր են ի հայտ գալիս։
    Ակնհայտ է, որ Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան գրեթե անկասկած միտված է եղել հենց Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական առաքելությանը և հավանաբար հենց նրա միջոցով է բանակցությունների վերաբերյալ փոխանցվել իրանական այն ուղերձը, որի մասին խոսել է նախագահ Թրամփը։
    Այսօր բանակցությունների հնարավորության մասին հանրային դաշտում խոսել է նաև Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ իր երկիրը պատրաստ է թե՛ բանակցության, թե՛ պատերազմի։
    Առավել ուշագրավ էր, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումն այն մասին, որ դեռևս առկա է նաև Արաղչի-Վիթֆոք ուղիղ հաղորդակցության խողովակը, որը սակայն կարծես թե չի օգտագործվել։
    Այս ամենին զուգահեռ, միջնորդական առաքելության հարցում Օմանի հետ որոշակի մրցակցություն է նկատվում Եգիպտոսի, Իրաքի և Թուրքիայի կողմից։
    Նման չափազանց բարդ իրավիճակները, մարտահրավերների հետ միասին, նաև հնարավորության այն պատուհաններից են, որով Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենևին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը, թեկուզ չերևացող դիվանագիտության հատվածում հանդես գալով միջնորդական առաքելությամբ, ինչի հաջողության դեպքում Երևանը կարող է նշանակալիորեն բարելավել և անհամեմատ ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գո…

    Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ, սակայն դրանց մասնակիցների թիվը և արձանագրված բռնությունն անհամեմատ ավելի նվազ է եղել։ Սա դեռևս ցուցիչ չէ, թե բողոքի բարձրակետն անցել է, և ամեն ինչ պարզ կլինի առաջիկա հինգշաբթի-ուրբաթ՝ հանգստյան օրերին։
    Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ բախումների ընթացքում երկկողմ զոհերի պատճառով։
    Այժմ առավել կարևոր է թվում ոչ թե Իրանի ներսում բողոքի գործողությունների հանգամանքը, քանի որ իշխանությունները հիմնականում դրանք բերել են կառավարելիության դաշտ, այլ ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը։
    Երեկ ինքը՝ Թրամփը, Վաշինգտոն վերադառնալիս կրկին խոսել է այդ մասին, հաստատելով, որ վերջնական որոշում չունի և քննարկվում են մի քանի տարբերակներ։
    Ակնհայտ է սակայն, որ որոշումը պետք է, որ ուղղակի կապ ունենա նաև Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Իրան-ԱՄՆ միջնորդավորված շփումների հետ, որոնք դատելով անուղղակի ազդանշաններից առկա են։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել այդ երկրի ազգային հեռարձակողի…

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել այդ երկրի ազգային հեռարձակողին, նշելով՝
    🔹 Մեր պարտականությունն է լուծել խնդիրները և փարատել ժողովրդի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ պարտավոր ենք թույլ չտալ, որ անկարգություններ իրականացնողները խաթարեն երկրի անդորրը։ Ուստի ընտանիքներին խնդրում ենք թույլ չտալ, որ իրենց զավակները ներգրավվեն ահաբեկիչների և անկարգություններ հրահրողների խռովարար գործողությունների մեջ։
    🔹 Թշնամին մեր երկիր է ներմուծել պատրաստություն անցած ահաբեկիչների, որոնք նաև հրկիզումներ և սպանություններ են կատարել։ Անկարգություններ իրականացնողները և խռովարարները բողոքող ժողովուրդը չեն․ մենք լսում ենք բողոքողների խոսքը և նրանց խնդիրները լուծելու համար գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը։
    🔹 Մեր նպատակն է առկա ռեսուրսներն արդար կերպով բաշխել բոլոր իրանցիների միջև՝ անկախ նրանից, թե նրանք որ կուսակցությանը, էթնիկական կամ ռասայական խմբին են պատկանում, կամ թե որ նահանգից են, ինչ բարբառով կամ լեզվով են խոսում։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan