Category: Vardan Voskanyan

  • Իրանական քաղաքակրթությունն աշխարհի այն քիչ քաղաքակրթություններից է, որը մինչև օր…

    Իրանական քաղաքակրթությունն աշխարհի այն քիչ քաղաքակրթություններից է, որը մինչև օրս պահպանում է սեփական տոմարը և Նոր տարին։
    Իրանական Ամանորի անվանումը՝ «Նովրուզ», պարսկերենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «Նոր օր» (պրակ.՝ نو [nou] «նոր» և روز [ruz] «օր»]):
    Հնդեվրոպական մակարդակում պարսկերենի վերոնշյալ բառերը ուղիղ ցեղակից են հայերենի «նոր» և «լույս» ձևերին։
    Իրանական հսկայական մշակութային ազդեցության շնորհիվ Նովրուզը տարածում է ստացել Չինաստանի արևմուտքից մինչև Բալկաններ բնակվող բազմաթիվ ժողովուրդների շրջանում։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա…

    Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա մեկ այլ՝ լիբանանյան թատերաբեմին, որտեղ կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև։
    Դատելով առկա տեղեկատվությունից, ամենայն հավանականությամբ, նախապես ծրագրված է եղել «Հիզբալլահի» դեմ դուրս բերել Սիրիայի նոր կառավարության զորամիավորումներին, որոնք տեղակայվել էին Լիբանանի սահմանի երկայնքով մեկ։
    Սակայն երեկ և այսօր տեղի են ունեցել զինված բախումներ Իսրայելի և Սիրիայի միջև, քանի որ վերջինիս զորամիավորումներն այդ երկրի հարավում, փորձելով օգտվել իրավիճակից, հարձակում են գործել Իսրայելի դաշնակից դրուզների վրա։
    Փաստացիորեն, ստացվել է նախապես ծրագրվածի բոլորովին հակառակը, և իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Եթե փորձենք հընթացս վերլուծել պատերազմում Իրանի ռազմավարությունը, ապա պարզ է, որ…

    Եթե փորձենք հընթացս վերլուծել պատերազմում Իրանի ռազմավարությունը, ապա պարզ է, որ այս երկիրը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը։
    Սա ենթադրում է հակառակորդների կողմից ծրագրված հնարավորին սահմանափակ, կարճատև և ոչ այդքան թանկարժեք պատերազմը վերածել հնարավորին ընդարձակ, երկարատև և մեծ գին ունեցող բախման։
    Իրանի աշխարհագրությունն ինքը ենթադրում է նման պատերազմի համար հնարավորություններ, այն դեպքում, երբ հակառակորդներից մեկը ստիպված է իր երկրից հեռու խոցելի միջավայրում վարել այդ պատերազմը, իսկ մյուսը չունի աշխարհագրական խորք և ռեսուրսներ նման ծավալի երկարատև բախման համար։
    Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ նկատելի է. եթե Իրանի նախորդ ղեկավարությունը պատերազմի հարցում ավելի չափավորական էր և կարող էր բավարարվել լարվածությունն իջեցնելուն միտված խորհրդանշական գործողություններով, ապա ներկայիս համեմատաբար երիտասարդ և եռանդուն ռազմաքաղաքական թիմը, դատելով արդեն իսկ արձանագրված փաստերից, գերադասում է իրական ցավոտ հարվածներով հնարավորին մեծացնել լարումը՝ նպատակ ունենալով այն դարձնել հակառակորդի համար անսպասելի և անկառավարելի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից բազմիցս հայտարարվել էր, որ պատերազմի առաջին օրերին իրանա…

    Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից բազմիցս հայտարարվել էր, որ պատերազմի առաջին օրերին իրանական ԶՈւ-երին հասցված հարվածները հանգեցրել էին դրանց տարբեր ստորաբաժանումների միջև կապի և համակարգման խաթարմանը։
    Պարզվում է, որ եթե նույնիսկ դա եղել է հենց այդպես, ապա իրանցիները կարողացել են վերականգնել այդ կապը և համակարգումը, և նույնիսկ դա անել լիբանանյան «Հիզբալլահի» հետ՝ միաժամանակյա հարվածներ հասցնելով։
    Իսրայելական հեռուստաալիքի հաղորդավարը զարմացած է այդ հանգամանքից և դրա հետ կապված հարցեր ունի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քիչ առաջ մամուլի ասուլիսում պնդում էր, որ իր երկիր…

    Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քիչ առաջ մամուլի ասուլիսում պնդում էր, որ իր երկիրը տարածաշրջանային գերտերություն է, որը պաշտպանում է արևմտյան քաղաքակրթությունը, իբր, բարբարոս Իրանից։
    Հարցին, թե, եթե ԱՄՆ-ը պատերազմից դուրս գա, արդյոք Իսրայելը կշարունակի՞ կռվել Իրանի դեմ, պատասխանը, մեղմ ասած, տարօրինակ էր՝ «շատ հարցեր տվեցիք արդեն»:
    Հետաքրքիր էր նաև այն, որ նա նշեց, թե չի կարող երաշխավորել, որ Իրանում իշխանությունը կփլուզվի, չնայած Իսրայելն ամեն ինչ անում է դրա համար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Այժմ Կատարում գտնվող՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմո…

    Այժմ Կատարում գտնվող՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմում էր, որ երեկ, հենց այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին իր հետ խոսում էր դիվանագիտությունից, իրանական հրթիռները հարվածներ էին հասցնում ողջ տարածաշրջանով մեկ։
    Դրանում իրականում ոչ մի «արտասովոր» բան չկա. Իրանի ԱԳ նախարարի գործը հենց դիվանագիտությունից խոսելը և այդ դիվանագիտությունը վարելն է, իսկ ըստ Իրանում իր դիրքերն ամրապնդած ԻՀՊԿ-ի՝ դիվանագիտությունը շատ ավելի արդյունավետ է դառնում, երբ իրանական հրթիռներն «աջակցում են» դրան։
    Տարածաշրջանում դեռևս դժվար է ընկալվում այն իրողությունը, որ Իրանում այժմ իշխող միասնական ռազմաքաղաքական թիմը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պատերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպատերազմական տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու առումով։
    Որքանով դա կստացվի, ցույց կտան առաջիկա շաբաթները և ամիսները, սակայն այն, որ Իրանը հենց հիմա գնում է դրան, անկասկած է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Դատելով նաև ԱՄՆ-ի նախագահի գրառումից, երեկ Իրանի կողմից տարածաշրջանի նավթագազայի…

    Դատելով նաև ԱՄՆ-ի նախագահի գրառումից, երեկ Իրանի կողմից տարածաշրջանի նավթագազային ենթակառուցվածքներին հասցված հարվածները շատ ցավոտ են եղել։
    Այս պատերազմի ընթացքում կարծես թե չի եղել մի դեպք, երբ իրանական կողմը խուսափի իրեն պարտադրվող լարվածության մակարդակի պատսախան բարձրացումից և դրա կառավարումից։
    Երեկվա ընդարձակ պատասխան հարվածները, դատելով տեղեկատվական արտահոսքերից, բերել են նրան, որ Պարսից ծոցի միապետությունները մեծացնեն ճնշումը Սպիտակ տան վրա, իսկ արաբական երկրների ճնշման միջոցով Վաշինգտոնում իսրայելական ազդեցության հավասարակշռումն Իրանի կարևոր նպատակներից մեկն է, ոչ միայն այս պատերազմում, այլ նաև հետպատերազմական հեռանկարում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Կատարը պաշտոնապես հաստատել է, որ իրանական հրթիռային հարվածներից «ընդարձակ վնաս է…

    Կատարը պաշտոնապես հաստատել է, որ իրանական հրթիռային հարվածներից «ընդարձակ վնաս է» հասցվել այդ երկրի հեղուկ գազի արտադրության ամենամեծ ենթակառուցվածքին՝ Ռաս Լաֆֆանում։
    Իրականում կատարյան այդ օբյեկտը սնվում է ռազմավարական նշանակության գազային ռեսուրսներ ունեցող այն հանքից, որը Հարավային Փարս և Հյուսիսային հանքավայր անվանումներով համապատասխանաբար կիսում են Իրանը և Կատարը։
    Այսօր առավոտյան հենց նույն այս հանքավայրի ռեսուրսով աշխատող իրանական գազային ենթակառուցվածքին էր հարված հասցվել։
    Տեղեկություններն են սկսում տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր հ…

    Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։
    Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։
    Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։
    Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է’ նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Որպեսզի էլ ավելի հասկանալի լինի, թե Իրանի ռազմաքաղաքական համակարգի կարևոր դեմքեր…

    Որպեսզի էլ ավելի հասկանալի լինի, թե Իրանի ռազմաքաղաքական համակարգի կարևոր դեմքերն ինչպես են վերաբերում այս պատերազմում իրենց հնարավոր զոհվելուն, բավարար է ծանոթանալ այդ երկրի ԱԳ նախարար Արաղչիի արձագանքին իր իսկ զոհվելու հնարավորությանը։
    Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը հարցազրույցում նա ժպտալով ասում է՝ «Եթե ԱԳ նախարարը ինչ-որ ժամանակ նահատակվի, ի վերջո, մեկ այլ անձ կա, որ կգա և կստանձնի պաշտոնը»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian