Category: Vardan Voskanyan

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից «Ազատություն ծրագիր» անվանումով գործողության մեկնարկ…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից «Ազատություն ծրագիր» անվանումով գործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո ամերիկյան ռազմանավերը փորձել են ապահովել Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների իրականացումն՝ առանց Իրանի հետ համաձայնեցման և թույլատրության, ինչը հանգեցրել է լարվածության նկատելի աճի։
    Իրանական կողմը, վերջին 24 ժամվա ընթացքում անցնելով կոշտ գործողությունների, ԱԹՍ-ներով, հրթիռներով և արագընթաց մոտորանավակներով գրոհել է ամերիկյան ուղեկցող և այլ երկրների բեռնափոխադրող նավեր, ինչպես նաև հարձակում իրականացրել ԱՄԷ-ի կարևորագույն նավթային հանգուց Ֆուջեյրա նավահանգստի վրա։
    Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, «X» սոցիալական ցանցի իր էջում այսօր առավոտյան գրառում է կատարել որում նշել է, որ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությունն ամրապնդման փուլում է։
    «Լավ գիտենք, որ առկա իրավիճակի շարունակությունն ԱՄՆ-ի համար անտանելի է, մինչդեռ մենք առայժմ նույնիսկ չենք էլ սկսել», — նշել է Ղալիբաֆը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Համազգային ամոթի և անպատվության հերթական նողկալի էջը, ցավոք, գրված է։ Բաքվի բարբ…

    Համազգային ամոթի և անպատվության հերթական նողկալի էջը, ցավոք, գրված է։
    Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխը Երևանում անցկացվող միջոցառմանն առցանց մասնակցելով՝ Արցախում հայության էթնիկական զտումն անվանում է «անջատողականության դեմ պայքար», իսկ Բաքվի բանտերում պահվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանն՝ «արդարադատության առջև կանգնած պատերազմական հանցագործներ»։
    Ցնծա՛, ո՛վ հայությո՛ւն, զի Եվրոպայի սրտում ես, իսկ հերթական Կիպրոսի տոմսը 900 դրամ է…
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskania

  • Ագաթանգեղոս է պետք կարդալ, և այդ դեպքում Հայկական լեռնաշխարհի Մասիս/Արարատ լեռա…

    Ագաթանգեղոս է պետք կարդալ, և այդ դեպքում Հայկական լեռնաշխարհի Մասիս/Արարատ լեռան հետ «պատկերամարտական» բնույթի անիմաստ և անպտուղ կռիվ տվողները և դրան զուգահեռ՝ Առաքելական մեր սուրբ եկեղեցու և քրիստոնեության մասին ճամարտակողները, միգուցե, կհասկանան, որ որքան էլ Մասիս/Արարատի պատկերները փորձեն հանել, հեռացնել, ջնջել, ամեն անգամ Վաղարշապատի Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին, քանզի, ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ արքան հենց Հայոց սրբազան այդ լեռը բարձրանալով, այնտեղից բերված քարերն է կանգնեցրել՝ որպես սյուներ այդ տաճարների վկայարաններում։
    «6. Եւ եկն թագաւորն, խնդրեաց հրաժեշտ ի սրբոյն Գրիգորէ եաւթնաւրեայ ճանապարհ կալեալ ի վեր ի բարձր լեառն ի Մասիս:
    7. Եւ անտի ի գլխոյ լեռնէն առեալ վէմս արաստոյս, անտաշս, անկոփս, յաղթս, ծանունս, երկայնս, ստուարս եւ մեծամեծս, որ զմի մի ոչ ումեք լինէր հնար, թէ եւ դիպելոյ բազմութեան ի մարդկանէ՝ զայն շարժել. արդ՝ առեալ սկայազաւրն հայկաբար զութ արձանսն՝ ի վերայ իւրոց թիկանցն զայն դնէր եւ ըստանձնեալ բերէր ի վկայարանս տաճարացն։
    8. Մէն չորս արձանս սեամս կանգնէր՝ իբրեւ փոխարէն անմիտ մարտին, զոր ընդ սրբոյն պատերազմեալ յիւրում սենեկին. ուր ամենապահ շնորհացն յաղթեալ՝ զայնչափ զարմանալիսն գործեաց» (Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց)։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskania

  • Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհ…

    Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին։
    Նա հայտարարել է, որ մասնագետների կարծքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։ Կան տեղեկություններ, որ օգտագործվել են նաև այդ երկրի օդանավակայանները և իրականացվել է իսրայելական ինքնաթիռների վառելիքի լիցքավորում։
    Իրանական լրատվական տիրությում տարբեր մակարդակներով չի դադարում Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին նման մեղադրանքների հոսքը, ինչը հանգեցնում է նաև հանրային տրամադրությունների այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը հետպատերազմական շրջանում, անշուշտ, ազդելու է Իրանի հանդեպ թշնամանքը պաշտոնական մակարդակում հնարավորին թաքցնել փորձող Բաքվի բարբարոսական վարչախմբի նկատմամբ իրանական պետական դիրքորոշման վրա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskania

  • Միանգամայն ընկալելի է այն զայրույթը, որը, բնականաբար, պետք է առաջ գա, երբ Բաքվի …

    Միանգամայն ընկալելի է այն զայրույթը, որը, բնականաբար, պետք է առաջ գա, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը քանդում է Արցախի որևէ եկեղեցի կամ հուշարձան։
    Բայց այլ կերպ, ցավոք, լինել չի կարող, քանզի այդ վարչախումբի բնույթը և դրա դավանած «արժեքներն» ու «գաղափարախոսությունը» հենց բարբարոսական են։
    Նույնքան զարմանալի է, սակայն, որ մեզանում դեռևս կենսունակ են մանկամիտ և վտանգավոր պատրանքները այդ վարչախմբի բազմիցս ապացուցված իրական էության մասին։
    Մենք՝ որպես ազգ և պետություն, ցավալիորեն, չենք ցանկանում առերեսվել պարզագույն այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է։
    Իսկ քանի դեռ կենսունակ է լիովին անհիմն այն պատրանքը, թե դրանց բոլոր անպատվաբեր պահանջները բավարարելով, ամեն ինչ լավ կլինի, ոչ միայն քանդվելու են մեր եկեղեցիները, այլ նաև աստիճանաբար ավերվելու է մեր՝ որպես ազգի և պետության, դիմակայունությունը։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskania

  • Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնա…

    Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու։
    Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան, այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը խոստացված պատասխան հարձակումն են գործել, առանց իրանական թույլտվության, Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։
    Իրանական կողմի պնդմամբ՝ դրանցից մեկը կապ է ունեցել Իսրայելի հետ։
    Ցանցում հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար, որից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կիրառում «մեղվի պարսի» ասիմետրիկ մարտավարությունը, երբ մի քանի տասնյակ հրթիռներով և ԱԹՍ-ներով զինված փոքր մոտորանավակներ միաժամանակ կարող են հարձակում գործել թշնամական խոշոր ռազմանավի վրա՝ կաթվածահար անելով դրա տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և թանկարժեք պաշտպանական համակարգերը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskania

  • Իրանական պատվիրակությունը չի մեկնելու Պակիստանի մայրաքաղաք՝ բանակցելու ԱՄՆ-ի ներ…

    Իրանական պատվիրակությունը չի մեկնելու Պակիստանի մայրաքաղաք՝ բանակցելու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։
    Պաշտոնական Թեհրանը ուղիղ հայտարարում է, որ չի բանակցելու այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան ուժերը իրականացնում են Իրանի ծովային շրջափակում, ինչի ընթացքում խախտում են նաև հրադադարի պայմանավորվածությունը։
    Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Սպիտակ տանը սկսվել է խորհրդակցություն, և առաջիկա 24 ժամերը լինելու են վճռորոշ, քանի որ ավարտվելու է կողմերի միջև երկշաբթյա հրադադարի ժամկետը։
    Մինչդեռ առայժմ պարզ չէ՝ ընդհանրապես բանակցություններ կլինե՞ն, թե՝ ոչ, իսկ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը։
    Առաջիկայում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կրկին հայտնվելու է բարդագույն որոշում կայացնելու շեմին՝ շարունակե՞լ անարդյունավետ և ռիսկային պատերազմը, թե երկարաձգել հրադադարի ժամկետը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskania

  • Իրանագիտության դասական դպրոցի ներկայացուցիչների համար Իրան — ԱՄՆ պատերազմը նաև «…

    Իրանագիտության դասական դպրոցի ներկայացուցիչների համար Իրան — ԱՄՆ պատերազմը նաև «խոսում է» իրանական տարբեր լեզուներով և բարբառներով՝ խոսում են իրանական տեղանունները, հրթիռների, ԱԹՍ-ների, զորամիավորումների և նույնիսկ նավերի անունները։
    Դիցուք՝ այսօր ամերիկյան ռազմանավի կողմից հարձակման ենթարկված իրանական «Թուսքա» բեռնատար նավի անունը գիլաներենով և մազանդարաներենով «լաստենի» ծառի անվանումն է։
    Կեչազգիների ընտանիքի այս ծառը, մասնավորապես, բնորոշ է Իրանի հենց մերձկասպյան շրջանների՝ Գիլանի և Մազանդարանի բնաշխարհին։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskania

  • Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա,…

    Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա, Իրանի ԱԳՆ-ի կողմից գնահատվել է՝ որպես հրադադարի բացահայտ խախտում, իսկ իրանական ԶՈւ-երը սպառնացել են իրականացնել պատասխան վրեժխնդրության գործողություն։
    Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Պակիստանի մայրաքաղաքում։
    Այսօր առավոտյան Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտարարել էր, որ իր ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս կայացրել։
    Պակիստանյան աղբյուրների պնդմամբ՝ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփն՝ փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը և զուգահեռաբար կրկին խոսել է իրանական կողմի հետ։
    Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա, թեև Պակիստանում հավանական են համարում վաղվա ընթացքում իրանական պատվիրակության ժամանումը։
    Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում, և այս օրինաչափությունից զերծ չեն նաև Իրան — ԱՄՆ բարդագույն հարաբերությունները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskania

  • Քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի …

    Քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հայտարարություն, որ Հորմուզի նեղուցն այսօր երեկոյան կրկին փակվել է։
    Ըստ այդ հայտարարության՝ ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունները, և շարունակել է Իրանի ծովային շրջափակումը, ուստի յուրաքանչյուր նավ, որը Պարսից և Օմանի ծոցերի ջրերում կփորձի մոտենալ նեղուցին կամ անցում կատարել դրանով, կդիտարկվի՝ որպես «թշնամու հետ համագործակցող» և կդառնա իրանական հարվածի թիրախ։
    Շաբաթներ առաջ գրել էի, որ Իրանի դեմ այս պատերազմի հիմնական խնդիր է դառնում Հորմուզի նեղուցը, բայց իրանական կողմն ունի լարվածության աստիճանը բարձրացնելու ևս մեկ հնարավորություն՝ Եմենում իր դաշնակից «Անսարալլահի» (հութիներ) միջոցով սահմանափակելու Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskania