[4/4] ◼️ Սցենար 3. Լայնամասշտաբ պատերազմ
Եթե ԱՄՆ-ը Հարավային Կովկաս մուտք գործելու իրական ցանկություն չարտահայտի, Հայաստանը չհամաձայնվի ստորագրությամբ հանձնել միջանցքը կամ Ադրբեջանը հանկարծ չորոշի, որ այլևս չի ցանկանում միջանցք, ապա Ալիևի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ նա անցնելու է լայնամասշտաբ հարձակման։ Հայտարարելու է սահմանին հայկական կողմից սադրանքների մասին, ինչպես արեց այս դեպքում, այնուհետև մեղադրելու է նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետը (հենց այս կետն է Ադրբեջանը ներկայացնում որպես միջանցք և լեգիտիմացնում իր պահանջը) չկատարելու մեջ։ Լայնամասշտաբ՝ ոչ միայն Ջերմուկ, Գորիս կամ Կապան, այլև ընդհուպ Երևանի գնդակոծում։ Նպատակը լինելու է մեկը՝ բլիցկրիգով ստիպել Փաշինյանին ստորագրել։ Նման սցենարի դեպքում կկարողանա՞ հայկական բանակը դիմադրել թշնամուն, ունի՞ այդքան ռեսուրս, դժվար է ասել։ Նման սցենարն իր մեջ պարունակում է նաև մեծ ռիսկեր, այդ թվում՝ Հայաստանի սիրիականացման վտանգ։ Պաշտոնապես հաստատված տեղեկությամբ Իրանն արդեն 50 հազարանոց զորք է կուտակել Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին և հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ ամեն օր հայտարարելով, որ թույլ չի տալու սահմանների փոփոխություն և դիմադրելու է դրան։ Մենք չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանի հարձակման պարագայում Իրանը, իրոք, խոսքից անցնելու է գործի և ռազմական միջամտություն է ցույց տալու, սակայն չենք էլ կարող դա բացառել։ Այնուամենայնիվ, Իրանը պատերազմ չի հայտարարելու Ադրբեջանին, այլ գործելու է ստանդարտ սցենարով՝ իր ռազմական ներխուժումն արդարացնելով սիոնիստների կողմից հովանավորվող ահաբեկիչների ներկայության մասին իր սահմանների հյուսիսում՝ փաստացի իրականացնելով հակաահաբեկչական գործողություն, իսկ եթե տեղի ունեցողը հայ-ադրբեջանական կոնֆլիկտից վերածվի հակաահաբեկչական գործողության, ապա դա հանգեցնելու է շատ ավելի մեծ էսկալացիայի։
◼️ Կա՞ այլ սցենար։ Տեսականորեն ևս 2 սցենար կարող ենք դիտարկել։ Առաջինը՝ Փաշինյանի հրաժարական, սակայն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունները հուշում են, որ ով էլ լինի բանակցողը, նրա առաջ դրվելու են նույն պահանջները։ Գուցե Փաշինյանը, Սերժ Սարգսյանի օրինակով, որոշի չմտնել նման պատասխանատվության տակ, սակայն կգա նոր բանակցող և իրականության մեջ մենք կտեսնենք, որ պահանջները մնում են նույնը։ Երկրորդ սցենարը պարզապես ժամանակ ձգելն է, այսինքն ինչ-որ ժամանակ ևս ամեն ինչ պահել այնպես, ինչպես կա, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ որքա՞ն և ի՞նչ գնով։
Իրավիճակը, իրոք, բարդ է։ Որքան էլ վերլուծենք, այնուամենայնիվ, Հայաստանում միակ անձը, որը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և կարող է ռեալ հասկանալ, թե ի՞նչ քայլեր կարող են կատարվել Հայաստանի կողմից իրավիճակից դուրս գալու նպատակով, ի պաշտոնե երկրի ղեկավարն է, տվյալ դեպքում Փաշինյանը, կամ եթե նա հրաժարական տա, ապա նրան փոխարինողը։ Ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, նա ստիպված է լինելու որոշում կայացնել, իսկ տարբերակները, ինչպես ցույց է տալիս ստեղծված իրավիճակը, այնքան էլ շատ չեն։
Խաղաղություն Հայաստանին և Հայ ժողովրդին, փա՜ռք Հայոց բանակին։
Վահե Աղաջանյան