Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումների ընթացքում հրկիզվել և վնասվել են բանկեր, հիվանդանոցներ, խանութներ, ոստիկանական և հրշեջ մեքենաներ։ Բախումները եղել են իրապես աննախադեպ՝ թե՛ ցուցարարների շարքերում եղած արմատական անձանց և թե՛ անվտանգության ուժերի կողմից կիրառվել է նաև հրազեն։
Այս պահի դրությամբ այսօր տեղի ունեցած միայն մեկ ցույցի վերաբերյալ տեղեկություն կա։ Իրանի ծայր հարավարևելյան, մեծամասամբ սուննի բելուջներով բնակեցված Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել հիմնականում խաղաղ քայլերթ։ Իրանի որևէ այլ բնակավայրում բողոքի գործողության մասին այս պահի դրությամբ հաստատված տեղեկատվություն չկա։
Իրանի հոգևոր առաջնորդը բավական խիստ տոնայնությամբ հանրային ելույթ է ունեցել՝ քննադատելով ԱՄՆ-ին և կոշտ արձագանքելով խռովարարներին։ Սա, ըստ էության, թե՛ Իրանի ներսում և թե՛ արտաքին դերակատարներին ուժի և վստահությսն ցուցադրության ելույթ էր, քանի որ Մերձավոր Արևելքում թույլերին չեն ներում։
Իրանի գահընկեց շահի որդին «X» սոցիալական ցանցում աջակցության խնդրանքով դիմել է երեկ նրան հանդիպելուց հրաժարված ԱՄՆ նախագահ Թրամփին, ինչը իրանական որոշ ոչ իշխանական շրջանակների կողմից գնահատվել է՝ որպես առաջինի թուլության նշան։
Իրանում համատարած կերպով անջատվել է համացանցը, ինչը զգալիորեն զրկել է արտաքին դերակատարներին գործընթացների վրա քարոզչական և այլ բնույթի ազդեցությունից։
Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ իր երկրի վրա արտաքին ռազմական հարձակման դեպքում կլինի համարժեք պատասխան։
Հակաիրանական քարոզչությանը միացել է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան։
Մինչ այսօր նկատելիորեն պասիվ դիրքորոշմամբ աչքի ընկած եվրոպական պաշտոնյաները հերթապահ քննադատական խոսքերով են հանդես եկել Իրանի իշխանության հասցեին։
#մեր_բարեկամ_Իրանը 🆔 @vardan_voskanyan