Իրանական աղբյուրը հայտնել է CNN-ին, որ ԱՄՆ-ի և Թեհրանի միջև ձեռք են բերվել «փոխըմբռնման որոշ առաջընթացներ», և Իրանը պատրաստ է լսել պատերազմի դադարեցման վերաբերյալ «կայուն» առաջարկներ։
«Վերջին օրերին Միացյալ Նահանգների և Իրանի միջև փորձեր են արվել կապ հաստատելու ուղղությամբ, որոնք նախաձեռնվել են Վաշինգտոնի կողմից, սակայն լիարժեք բանակցություններ չեն եղել։ Տարբեր միջնորդների միջոցով փոխանցվել են ուղերձներ՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է հասնել պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնության։ Քննարկվող առաջարկները միտված են ոչ թե պարզապես հրադադարի հաստատմանը, այլ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ավարտի վերաբերյալ կոնկրետ համաձայնագրի ձեռքբերմանը», — նշել է աղբյուրը՝ մանրամասներ չհաղորդելով։
Նա հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարությունները բանակցությունների մասին և ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը մշտապես հստակ է եղել․ Թեհրանը պատրաստ է դիտարկել ցանկացած կենսունակ առաջարկ։
«Իրանը չի խնդրում հանդիպում կամ ուղիղ բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, սակայն պատրաստ է լսել, եթե ներկայացվի կայուն համաձայնության ծրագիր, որը կպահպանի Իրանի ազգային շահերը։
Իրանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որ երբեք չի զարգացնի միջուկային զենք, սակայն ունի իրավունք՝ խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները»։
Աղբյուրը նաև ընդգծել է, որ ցանկացած առաջարկ պետք է ներառի Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցների չեղարկումը։