Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ այդպիսով կապելով հայկական ծաղիկ արտադրողներին Եվրոպայի և Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրել է, որ իր երկիրն աջակցում է Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսած աջակցության փաթեթին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն (խմբ. Royal Flora Holland-ը միջազգային ամենամեծ ծաղկաբուծության շուկան է) այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել է Նիդեռլանդների ԱԳ նախարարը:
Նա անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով, որ Նիդեռլանդներն ընդգծում է ազատ և արդար ընտրությունների կարևորությունը՝ որպես կայուն, ժողովրդավարական ապագայի հիմք, ապագա, որը Հայաստանն ինքն է որոշում։