Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունված բանաձևի համար, որով բարձրաձայնվում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային, հոգևոր և պատմական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։
Խորհուրդը կարևոր է համարում, որ բանաձևում անդրադարձ է կատարվել հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանատների և այլ սրբավայրերի ոչնչացման, պղծման կամ ինքնության խեղաթյուրման վտանգին՝ ընդգծելով, որ այդ ժառանգությունը համամարդկային արժեք է։
Նշվում է նաև, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մոնիթորինգ, փաստագրում և վերահսկողություն, ինչպես նաև միջազգային փորձագետների ազատ մուտք դեպի Արցախի մշակութային վայրեր։
Խորհուրդը կոչ է անում ԵՄ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին և այլ կառույցներին անհապաղ քայլեր ձեռնարկել, ընդգծելով, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը անբաժանելի է նրանց հոգևոր և մշակութային ժառանգությունից։