Օնիկ Գասպարյանի 5-6 ժամ տևած ելույթի միայն 5-10 տոկոսն է տեղ գտել զեկույցում. ելույթին ամբողջությամբ ծանոթ չեմ. Տիգրան Աբրահամյան■ Հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի հարցաքննության մասով կարող եմ ասել, որ եթե չեմ սխալվում, 5-6 ժամանոց ելույթ է եղել (ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը 2 օր է հարցաքննվել, մեկ օրվա հարցաքննությունը տևել է ավելի քան 5 ժամ:- Մ.Պ.): Ես ամբողջ նյութին ծանոթ չեմ, զեկույցում, իհարկե, տեսել եմ հղումներ նրա խոսքին, բայց այն, ինչ տեսել եմ, կարծում եմ, ամբողջական ելույթի մոտ 5-10 տոկոսը կարող էր լինել: Իսկ իշխանությունը, բնականաբար, բոլոր քննարկումներին, բանախոսներին մոտեցել է ընտրովի, և, այո, վերցրել է այն հատվածը, որն իր համար անհրաժեշտ է եղել՝ իրենց քաղաքական գծի ապահովման առումով:
Այսինքն, խնդիրը եղել է Նիկոլ Փաշինյանից և քաղաքական ղեկավարությունից պատասխանատվությունը վերցնելը և այն տարբեր օղակների վրա բարդելը, մասնավորապես, զինվորականության: Եվ առաջին հերթին թիրախավորվել են այն զինվորականները, որոնք կարող էին կամ խոսում էին տարբեր դրվագների մասին, և իշխանությունը նրանց բերանը փակելու և մարդկանց իրականությունը ներկայացնելու համատեքստում «պատժելու» համար գնաց այդ ճանապարհով:
■ Պատերազմի, նախապատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածի փաստերի ճնշող մեծամասնությունը, բնականաբար, աշխատում է իշխանության դեմ: Եվ եթե այստեղ այդ առաջնային փաստերը քննության ենթարկվեին քննիչ հանձնաժողովում և դրվեին զեկույցում, ավելին՝ դրանք հրապարակվեին, իհարկե, դա լրջագույն խնդիրներ կստեղծեր իշխանության համար, ընդհուպ նրանց իրավական պատասխանատվության հարցն առաջին պլան կբերեր: Ուստի բնական է, որ նրանք 44-օրյայի զեկույցը, հատկապես՝ դրա ներածական և եզրափակիչ հատվածները կառուցել են իշխանության հայտնի քարոզչական նարատիվի շրջանակում, որտեղ փաստերը երկրորդական տեղում էին, իսկ առաջին տեղում էին այն ձևակերպումները, պիտակները, որակումները, որոնք իշխանությունը քաղաքական, քարոզչական նպատակահարմարությունից ելնելով՝ օգտագործել է:
■ Իշխանությունը գրեթե բոլոր հարցերում առաջ է քաշել գաղտնիության գործոնը, և դրանք փակ ռեժիմով են անցկացվում: Դրանցից մեկը, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին է վերաբերում: Ինքը՝ Մ.Արզումանյանը, որի հետ ես հանդիպումներ ունեցել եմ քրեակատարողական հիմնարկում, ինքն էլ էր այդ թեման բարձրաձայնում, ասում էր՝ այն, ինչ իրեն վերագրվել է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, զրպարտություն է, և դրանում համոզվելու համար կարելի է դատական նիստերը բաց ֆորմատով անցկացնել, և հանրության համար էլ դա շատ ակնհայտ կդառնա: Բայց իշխանությունները միամիտ չեն, տարբեր գործեր կան, որտեղ իրենց համար առաջնայինը փակ ռեժիմով անցկացնելն է, որովհետև այդ գործերի բաց ռեժիմով անցկացնելը հենց ճանապարհին կպայթեցներ այն սուտն ու կեղծիքը, ինչը պատերազմից հետո իշխանությունը տարածել և փորձել է մարդկանց որպես իրականություն մատուցել: