«Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքներն ու կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի․․․»։
Այս տեքստը Նիկոլ Փաշինյանի այս տարվա օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ասված խոսքից է։ Երկրի ղեկավարը ուղիղ խոստովանում է, որ Արցախի վերջնական կորուստի ճանապարհով գնալը հստակ ռազմավարություն է եղել՝ իբր Հայաստանը փրկելու համար։ Սրանից անդին քննարկելու բան չկա։ Փաշինյանի՝ պատերազմից առաջ, ընթացքում և դրան հաջորդող շրջանում կայացրած որոշումները պետք է հետագայում քննի դատարանը, երբ ներկայիս իշխանությունը հեռացված կլինի։
Իսկ մինչ այդ` այսօր գործ ունենք Փաշինյանի «անկախության» և «պետականության» պաշտպանության հաջորդ արարի հետ. այս անգամ թիրախում Հայաստանի Հանրապետությունն է։ Ըստ իս՝ մեր զրույցը պետք է լինի Հայաստանի դեմ այս դիտավորությունը հնարավորինս արագ, խելացի ու քաղաքական ճանապարհով չեզոքացնելու հարցի շուրջ։ Մնացյալ բնույթի քննարկումները այս փուլում անիմաստ եմ համարում․․․
Հ․Գ․ Իսկ եթե կան մարդիկ, որոնք չեն հասկացել, որ Փաշինյանը կործանել է Արցախը և ի չիք դարձրել մեր ժողովրդի 30-ամյա պայքարը՝ մեր գլխին բերելով պատերազմներ, էթնիկ զտում, բռնի տեղահանում, հիմա էլ Ալիևի զավթողական ծրագրերը ընդդեմ ՀՀ-ի, ապա վստահեցնում եմ՝ դժվար թե բանակցային գործընթացին առնչվող որևէ թղթի հրապարակումը բան փոխի այս հարցում։