ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կուզեմ կրկին անդրադառնալ սոցիոլոգիական հարցումների, գիտության և առհասարակ գիտահեն քաղաքականության հարցին։ Ընտրություններին նախորդող մեկ ամսում հասանելի են եղել առնվազն չորս սոցհարցում, որոնք ըստ դաշտային աշխատանքների ավարտի հերթականության հետևյալն են՝
1. մեր «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ինը,
2. Միջազգային հանրապետական ինստիտուտինը (դաշտային աշխատանքները՝ «Բրեվիս»),
3. EVN Report-ինը
4. «ԷմՓիՋիինը» (Gallup)։
Կից նկարում կարող եք տեսնել այդ չորս հարցումների համապատասխան տվյալները, ինչպես նաև ԿԸՀ հրապարակած նախնական թվերը։ Յուրաքանչյուր սյունակի ներքևում նշված է տվյալ հարցման միջին քառակուսային շեղման արմատը (RMSE)։ Որքան այդ թիվը փոքր, այդքան հարցման տվյալների շեղումը ԿԸՀ նախնական թվերից՝ քիչ։
Մեր հարցման ՄՔՇԱ-ը 3.47 է։ Հաշվի առնելով, որ մեր դաշտային աշխատանքներն ավարտվել էին ավելի վաղ՝ մայիսի 9-ին, կարող ենք փաստել, որ ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ հետազոտությունը համեմատաբար մոտ նախապատկերել է ԿԸՀ հրապարակած նախնական թվերը։
Պրովոկացիայի տեղիք չտալու համար՝ հատուկ ընդգծենք, որ թե՛ անձամբ ինձ համար, թե՛ մեր կազմակերպության համար հետհեղափոխական Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների վարած հանրային-քաղաքական կյանքն ամբողջությամբ ապալեգիտիմ է։ Չի կարող պատերազմի սպառնալիքով, ընդդիմախոսների բռնաճնշումներով, ատելության խոսքով և պատմական հիշողության բռնաբարմամբ ուղեկցվող ընտրությունը բովանդակային առումով լինել լեգիտիմ՝ անկախ թվատախտակին արձանագրվող արդյունքների։ Ի վերջո եթե Հայաստանի համար կյանք տվածները չունեն ընտրելու հնարավորություն, իսկ այդ հնարավորությունն ունեցողներն ուրանում են ընկածների արյունը, նման ընտրությունը բովանդակային առումով չի կարող արդար համարվել…
Այս գրառումս, սակայն, այլ բանի մասին է։ Այն տուրք է գիտական մեթոդին ապավինելուն, այն հիշեցում է, որ քաղաքականությունը պիտի ծնվի տվյալներից, ոչ թե «ցանկալիամետ հոտառությունից»։ Այս գրառումս նաև շնորհակալության խոսք է մեր «Հայկական նախագծի» և Հայկական համալսարանի ամբողջ թիմին, մանավանդ հարցազրուցավարներին՝ անսակարկ նվիրման և արհեստավարժ աշխատանքի համար։ «Т-34» ֆիլմի մեջ մի դրվագ կա, որտեղ հերոսն ասում է․ «Նույնիսկ մեկ տանկն ուժ է, եթե անձնակազմն իր գործը գրագետ է անում»։
Իսկ գրագետ անելու դեռ շատ գործեր ունենք, ընկերնե՛ր, այնպես որ պի՛նդ եղեք։ Վերջում ամեն բան լավ է լինելու, իսկ եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ։ Հայաստանն անպայման ազատագրվելու է թշնամական լծից։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar