Միանգամից երկու միջազգային աշխատաժողովներ անցկացվեցին ապրիլի 22-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում:
Հայաստանի, Վրաստանի և Լեհաստանի գիտնականների մասնակցությամբ ծավալվեցին հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ:
Աշխատաժողովների խորագրերն արդիական են մեր օրերում, քանի որ արտացոլում են անցյալի առանցքային իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանի և աշխարհի ժամանակակից սոցիալ-քաղաքական զարգացումների ընթացքին: Դրանցից առաջինը վերնագրված է «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում», իսկ երկրորդը՝ «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում. էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում»:
Միջոցառման կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Լեհաստանի Սեդլցեի համալսարանը։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջունեց ու արգասաբեր աշխատանք մաղթեց մասնակիցներին՝ հընթացս հիշեցնելով նաև աշխատաժողովների ձևաչափը: