Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին Ադրբեջանի հետ արձանագրված խաղաղության փաստը 2026 թվականին լեգիտիմություն է ստացել խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ Այս մասին վարչապետն ասաց Ազգային ժողովում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը կունենա 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը, որը կունենա 12 մանդատ։ Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը խորհրդարանում ստացել է մեծամասնություն և կկարողանա ձևավորել կառավարություն։
Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել են այն հիմքերը, որոնք թույլ են տալիս անցում կատարել դեպի նոր օրակարգ՝ նոր որակի պետության ձևավորման օրակարգ։
«Էական եմ համարում, որ մենք 2025 թվականին արձանագրել ենք այն հիմքերը, որոնք մեզ թույլ են տալիս ասելու, որ մենք կարող ենք անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը մենք ձևակերպել ենք, այդ թվում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ որպես նոր որակի պետության ձևավորման օրակարգ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ 2025 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտի և նախագծի համաձայնեցման մասին։
Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ և նախաձեռնությամբ։
«Մենք, ի վերջո, պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն և, ըստ էության, ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է խաղաղության օրակարգի նկատմամբ իր աջակցությունը։
«Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ։ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ 2025 թվականը կարելի է համարել հեղափոխական կառավարման լավագույն տարին, իսկ հաջորդող տարիներին Կառավարությունը պետք է ձգտի ամեն տարի արձանագրել հետհեղափոխական կառավարման լավագույն տարին։
Փաշինյանը նաև անդրադարձավ 2026 թվականի պետական բյուջեի պարամետրերին՝ նշելով, որ դրանք լավատեսության հիմք են տալիս եկամուտների գերակատարման առումով։
«2026 թվականի պետական բյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն, որ 2026 թվականին մեր պլանավորած եկամուտները մենք էականորեն գերակատարելու ենք։ Սա առաջին հերթին կապված է 2025 թվականին մեր արձանագրած տնտեսական ցուցանիշների հետ»,- ասաց վարչապետը։