😳🇹🇷🇺🇸 Гражданка Турции Неджла Озмен, утверждающая, что она является биологической дочерью президента США Дональда Трампа, обратилась в посольство США с просьбой о встрече с Трампом во время его визита в Анкару на саммит НАТО.
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Միջոցառման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար, հարգարժան պարոն Ալեն, Ձերդ Գերազանցություններ, հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ։ Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության և հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։ Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության և Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան։ Դրա մասին են վկայում նաև վերջին շրջանում Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, կնքված համապարփակ գործընկերության մասին կանոնադրությունը, փոխըմբռնման հուշագրերը և ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Խաղաղության կարևոր գրավական լինելուց զատ, ԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց։ Տիկնայք և պարոնայք, Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ նաև ամերիկահայ մեր հայրենակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ զարգացման գործում՝ ամրապնդելով նաև հայ-ամերիկյան բարեկամական կապերը։ Կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։ Շնորհակալություն»։