❗️❗️❗️❗️Ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական-կառավարական այցով մեկնել էր Արթիկ՝ տեղի ջերմոցային խոշոր մի տնտեսություն։ Ինչպես միշտ, այդ հանդիպումների ժամանակ խնդիր էր դրվել ցույց տալու Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունը՝ ինչպես են մարդիկ մոտենում, նկարվում, հետաքրքրվում, սրտիկ ցույց տալիս, ճաշ հյուրասիրել առաջարկում և այլն։ Արթիկում Փաշինյանին ուղեկցում էր տեղի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը «նախկին հանցավոր ռեժիմի» ժամանակ հայտնի էր իբրև հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ՝ դրանից բխող բոլոր առավելություններով։ Ինչևիցե, Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ մոլի ՔՊ-ական դարձած Անանիկ Ոսկանյանը մոտենում է կառավարության ղեկավարին ու ասում, թե «Ռոստովից եկած երիտասարդներ կան», որոնք ցանկանում են նրա հետ նկարվել։ Փաշինյանն էլ՝ չնայած իր բազմազբաղությանը, սիրահոժար համաձայնվում է նկարվել ՌԴ-ից ժամանած երիտասարդների հետ։ Ամեն ինչ, իհարկե, բնական կընթանար, եթե չլիներ մի «թեթև նյուանս»՝ Փաշինյանի հետ նկարվող երիտասարդներից մեկը հենց Անանիկ Ոսկանյանի որդին է՝ Ռաֆիկ Ոսկանյանը, նրա դեմքը տեսանյութում մենք պատկերել ենք շրջանակի մեջ։ Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ տարբերություն, երիտասարդն իսկապես Ռոստովից է եկել, հետո ի՞նչ, որ համայնքապետի որդին է։ Բայց այստեղ էլ մի «փոքր նյուանս» կա՝ Ռաֆիկ Ոսկանյանն աշխատում է հոր ղեկավարած հիմնարկում, այն է՝ Արթիկի համայնքապետարանում և ոչ մի կերպ չէր կարող Ռոստովից Փաշինյանի հետ նկարվելու համար ժամանել։ Ստացվում է, որ «հանրային սեր» բեմադրելու անվան տակ Անանիկ Ոսկանյանն այնքան մարդ չի գիտել, որ այդ դերի համար առանձնացրել է սեփական որդուն։
Ի դեպ, մենք փորձեցինք մի քանի անգամ կապվել պարոն Ոսկանյանի հետ, որպեսզի լսենք իր կարծիքն էլ, սակայն նա դեռ մեզ հետ չի հեռաձայնել։