Ադրբեջանից ներկրված բենզինի հետքերով
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976 թ.-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար՝ գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով: Իսկ դա նշանակում է, որ՝
ա) Ադրբեջանը ևս կախված է նավթամթերքի, հատկապես՝ ավտովառելիքի ներկրումից,
բ) ի վիճակի չէ լիարժեքորեն զարգացնել բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող АИ95 տեսակի բենզին:
Այս ենթադրությունները հիմնավորելու համար անդրադառնանք պաշտոնական թվերին:
Ադրբեջանում АИ95 տեսակի բենզինը սկսել է արտադրվել վերջերս՝ 2024 թ.-ի երկրորդ կեսին: Դրա իրացումը ներքին շուկայում ապահովելու համար կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանել է ավելի ցածր գին՝ ներկրվող բենզինի հանդեպ մրցունակություն ապահովելու համար: Սակայն այս պրոտեկցիոնիստական մեթոդը ամենևին չօգնեց, ինչը պայմանավորված էր առավելապես Ադրբեջանում արտադրվող АИ95-ի ցածր որակով:
Արդյունքում՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքվի նավթավերամշակման գործարանն արտադրեց 45.02%-ով ավելի քիչ քանակությամբ АИ95՝ նախապատվությունը տալով ավելի ցածրորակ АИ92-ին:
Ու ամենակարևորը՝ Ադրբեջանի 2026 թ.-ի պետական բյուջեում չի ներառվել АИ95-ի արտադրությունը:
Արտադրական պրոցեսը թանկ է, շուկայում դրա իրացումը պետական հատուկ կարգավորմամբ՝ ևս:
Փաստենք, որ Ադրբեջանը հանդիսանում է բենզինի ներկրող, ինչը հատկապես վերաբերում է АИ95-ին, որի 85-90%-ը ներկրվում է Ռուսաստանից, Ռումինիայից ու ԱՄԷ-ից:
Այսպիսով, մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին՝ Վրաստանի տարածքով: Նույն այն բենզինը, որը Սև ծովով կամ Վերին Լարսով, այնուհետև վրացական ենթակառուցվածքներով ներմուծվում է Հայաստան:
Ահա այսպիսի «տնտեսական կապեր»:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան