Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր որոշ ուժերի՝ իշխանության դեպքում Հայաստանն ամենաուշը 2026 թվականի սեպտեմբերին կկանգնի նոր պատերազմի առաջ։
Միրզոյանը թեմային անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, թե որտեղի՞ց է վարչապետն այդպիսի վստահությամբ նոր պատերազմի ժամկետներ նշում և արդյոք դա շանտա՞ժ չէ, Միրզոյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ ժամկետը վարչապետը պայմանական է ասել, այսինքն՝ նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ նման հեռանկար կարող է լինել, միանշանակ է։ Ընդդիմադիր որոշ շրջանակների գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Եվ հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն այս օրերին երկրները ինչ մեթոդաբանության են փորձում լուծել՝ շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի պատերազմի առաջ։ Մենք ասում ենք, որ մեր երկրին պետք է խաղաղություն։Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, Հայաստանի ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Խաղաղությունը մեր առաջարկն է քաղաքացիներին և կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, մեզ այս Հայաստանն ընդհանրապես պետք չէ, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է եսիմ ինչ Հայաստան»։ Հիմա, ես մեր առաջարկում շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ։ Ոչ, չեմ տեսնում, ինչո՞ւ ենք ասում, լավ ենք անում, դա մեր առաջարկն է Հայաստանի քաղաքացիներին»,- նշել է Միրզոյանը
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ գործող իշխանությունը պատերազմ է բերել ժողովրդի գլխին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենց իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը եղել է 30-ից ավելի տարիների սխալ քաղաքականության հետևանք։