Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայ…

Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայտ ապօրինի ազատազրկումը։ Պարզից էլ պարզ է՝ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումը իշխանության կողմից հենց հանրային կարծիքի ու խոսքի ազատության նկատմամբ ցենզուրայի սահմանման ակներև քայլ է։
Գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի քանի խնդիր է փորձում լուծել այդ քայլով։ Նա հստակ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հանրային դաշտում ու մեր երկրում։ Նա փորձում է սահմանափակել ազատ խոսքն ու այլակարծությունն առհասարակ։ Կարծիքները կարող են լինել շատ տարբեր, մեզանից շատերը կարող են չկիսել այդ կարծիքները, քննադատել դրանք, բայց մարդը չի կարող իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ զրկվել, որովհետև ԿԱՐԾԻՔ է արտահայտել։ Ազատությունից զրկվում են բուն արարքի համար, բայց ոչ անշառ, միգուցե և ոչ ընդունելի, բայց ընդամենը կարծիքի համար։ Սա վախի սերմանման հարցում կարևոր «տուֆաքար» էր, որը երեկ դրեց «ստատուսագիրը», ով համատեղության կարգով ԴԵՌԵւՍ ՀՀ վարչապետ է։
Հանրային դաշտում վախի մթնոլորտի սերմանումը կարևոր է «Քանդենք պետությունը» կուսակցության համար, որովհետև «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերով առաջնորդվողները չեն կարող հաջողել, եթե չսահմանափակեն հանրային այլակարծությունը։
Փաշինյանը, ով հստակ լծված է պետության կազմաքանդման գործին, հասկանում է, որ ադրբեջանական մոդելի պետությունը Հայաստանում չի կարող կառուցել, որովհետև հենց նույն հանրային դաշտում մարդկանց մեծ մասը չի խորշում ասել ճշմարտությունը, խոսել փաստերով, բերել հակափաստարկներ։ Այս առումով՝ նա ուղերձ է տալիս բոլոր հանրային գործիչներին, որ՝ «տեսեք, եթե ինձ խանգարեք, ես առանց որևէ պատճառի ձեզ կզրկեմ ազատությունից»։
Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորվում է հանրային՝ ակտիվ, ոչ ակտիվ, քաղաքական ու միգուցե ոչ այնքան քաղաքական գործիչների խոհեմության հարցը։ Կգտնե՞նք մենք ուժ, կամք ու հեռատեսություն՝ մի կողմ դնելու գաղափարական, հաճախ նաև անձնական տարակարծությունները, որպեսզի կարողանանք կանխել բոլորիս՝ անձնապես և մեր պետությանը՝ ընդհանուր առմամբ սպառնացող աղետալի զարգացումները։ Այս հարցի պատասխանից է կախված՝ կհաջողի «Քանդենք պետությունը» ուժը, թե ոչ։ Միքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը։ Արդեն սա հասկանալու ու ըստ այդմ գործելու պահն է եկել մյուսներիս համար

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով