Պետք չէ տրվել պատրանքների…Արցախի ներքաղաքական ճգնաժամի մասին գրելու ցանկությու…

Պետք չէ տրվել պատրանքների…
Արցախի ներքաղաքական ճգնաժամի մասին գրելու ցանկություն չունեմ, որովհետև կողմերից որևէ մեկը հստակ չի շարադրում, թե որն է լինելու ԼՂ-ն այս վիճակից հանելու, Ադրբեջանի հետ դիալոգի օրակարգը:
Այն առաջարկությունները, որոնք վերագրվում են Ռուսաստանին՝ ամենևին էլ կապ չունեն մեր ցանկությունների, իղձերի հետ, չեն ենթադրում Արցախի անկախություն կամ նույնիսկ քաղաքական ինքնավարություն: Դրանք ընդամենը մունիցիպալ ու մշակութային ինքնավարության թույլ բաղադրիչներ են պարունակում:
Սակայն ռուսական ենթադրյալ առաջարկությունները բխում են ուժերի ընթացիկ հարաբերակցությունից ու դրանից լավ առաջարկ մեզ ոչ ոք չի անելու, եթե չասեմ այն մասին, որ արևմտյան առաջարկություններն Արցախի հայաթափության մասին են:
Ժամանակն էլ մեր դեմ է աշխատում:
Երեք ամիս հետո մեզ ավելի վատ առաջարկություն է արվելու կամ առհասարակ՝ չի արվելու, որովհետև Արցախում այլևս հայություն գուցե չլինի:
Հիմա երկընտրանքը շատ հստակ է՝ կամ համաձայնում ենք կարգավորման ռուսական պարամետրերին ու ապահովում ենք հայության կյանքի իրավունքը Արցախում՝ խոստովանելով, որ առնվազն այս պատմափուլում «Միացում/ անկախություն» կոնցեպտը պարտվել է, կամ էլ՝ անիրական նշաձող սահմանելով հայաթափում ենք Արցախը:
Փաշինյանը մեր պետության Հերոստրատն է, բայց դրանից չի բխում, որ հաջորդ որևէ ղեկավար կարող է անկախություն կամ նույնիսկ քաղաքական ինքնավարություն բերել ԼՂ համար:
Պետք չէ տրվել պատրանքների…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով