Միշելի հայտարարությունն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձո…

Միշելի հայտարարությունն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի էական իջեցում
©Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
«Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ Շառլ Միշելը ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ընթացքում։
«Սահմանային հարցեր
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավաճակի լավագույնս ապահովմանը։
Հաղորդակցություններ
Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:
Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում:
Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։
Խաղաղության պայմանագիր
Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:
Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության»:
✓ Միշելի հայտարարությունը, ի տարբերություն Հայաստանի կառավարության հաղորդագրության, շատ ավելի առարկայական է, դրանով հանդերձ` հրապարակ է բերում մի քանի հարցեր։
• «Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ»:
Այս դրույթը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։
Մասնավորապես, Հայաստանի կառավարությունը պետք է պարզաբանի` տարանցման կարգավորման ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, արդյո՞ք փակված է, այսպես կոչված, միջանցքի թեման, թե՞ այն դարձյալ օրակարգում է։
Հստակ պետք է ամրագրվի, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին։
• Ակնհայտ է, որ Փաշինյանն ու Ալիեւը համաձայնության չեն եկել ԼՂ կարգավիճակի հարցում։ Միշելի «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձևակերպումն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի էական իջեցում ու, ըստ էության, ինստիտուցիոնալ երաշխիքներ չի ստեղծում ԼՂ անգամ քաղաքական ինքնավարության համար։
Ես ու իմ քաղաքական թիմը մնում ենք այն կարծիքին, որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է երկփուլ լինի, ընդ որում` առաջին փուլում պետք է առկախել ԼՂ կարգավիճակի լուծումը։ Հմուտ դիվանագիտության պարագայում դա միանգամայն իրատեսական է, մանավանդ, որ ռուսական միջնորդությունը ենթադրում է նման հնարավորություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով