«Մայր Հայաստանի» ֆենոմենն առանձնահատուկ է———Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությ…

«Մայր Հայաստանի» ֆենոմենն առանձնահատուկ է
——
Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունների արդյունքները փորձում է օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու վրա հակաքրիստոնեական արշավը սաստկացնելու և Գյումրիում ու Փարաքարում խայտառակվելուց հետո դեմքը փրկելու համար։ Սակայն ակնհայտ է, որ Նիկոլն ու իր խմբակը զբաղված են ինքնախաբությամբ։

Նախ, ՏԻՄ ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն կարող դիտարկվել՝ համահայկական նշանակություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավանքը սաստկացնելու մանդատ ստանալ։ Առավել ևս, որ ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն արտահայտում հանրության իրական տրամադրությունները կենտրոնական իշխանությունների նկատմամբ։ Պատահական չէ, որ Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում, իսկ իրենց դրածո Արգիշտի Մեխակյանին հնարավորինս հեռու էին պահում ՔՊ-ի հետ ասոցացվելուց՝ լավ հասկանալով, որ քաղաքական բորոտ ուժի հետ կապվելը ժողովրդի մոտ ատելություն և մերժում է առաջացնելու։

Բացի այդ, իշխանությունը ընտրություններում մեծամասնություն ստանալու համար կիրառեց իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրավական հետապնդումներից ու ճնշումներից մինչև ադմինիստրատիվ ռեսուրսի գերօգտագործում։ Մամուլում քիչ չէին հրապարակումները ուղղորդված քվեարկությունների, բացակայող անձանց փոխարեն քվեարկելու, հասցեներում անծանոթ մարդկանց գրանցելու վերաբերյալ։
Ուստի Վաղարշապատի ընտրությունների արդյունքներին հղում անելով, ՔՊ-ն հուսահատ փորձեր է անում եկեղեցին կազմաքանդելու և իշխանական բուրգի վերահաս փլուզումը կանխելու համար։

Ակնհայտ էր, որ նույնիսկ նման պայմաններում հնարավոր էր Վաղարշապատում իշխանազրկել ՔՊ-ին, եթե ընտրություններին մասնակցությունն ապահովվեր հնարավորինս առավելագույն մակարդակով։ Հավելյալ 3–5 հազար մասնակցի դեպքում, անշուշտ, Նիկոլի դրածո Մեխակյան Արգիշտին չէր հայտնվի քաղաքապետի աթոռին։
Հետևաբար, առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավաքական ընդդիմության խնդիրը պետք է լինի խրախուսել քաղաքացիների մասնակցությունը ընտրական գործընթացներին, ինչը լիովին կչեզոքացնի ընտրությունների վրա ազդելու իշխանական լծակները։
«Մայր Հայաստան»-ը, իր ուժերի ներածի չափով, քաղաքական ասելիքով ու թիմով, մաքսիմալ քաղաքականացրեց ընտրական գործընթացը, բարձրացրեց մասնակցային ակտիվությունը Վաղարշապատում։ Նույնը արվել էր Գյումրիում։ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին հաջողվեց կարճ ժամանակում ձևավորել մրցունակ քաղաքական ասելիք և թիմ, ինչի արդյունքում «Մայր Հայաստանը» վստահ հաղթահարեց ավագանու անցողիկ շեմը։

Վերջին տարիների հայաստանյան քաղաքական իրականության մեջ «Մայր Հայաստանի» ֆենոմենը առանձնահատուկ է։ Նորաստեղծ ուժը՝ մշակված քաղաքական գաղափարախոսությամբ և երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման այլընտրանքային ու մրցունակ ծրագրերով, մասնակցեց Երևանի, Գյումրու և Վաղարշապատի ընտրություններին ու ներկայացվածություն ստացավ տեղական խորհրդարաններում։
Այսպիսով, «Մայր Հայաստանը» ցույց տվեց, որ քաղաքական դաշտում ծանրակշիռ գործոն է և առաջիկա խորհրդարանական ընտրություններին լինելու է իշխանությանը ձեռնոց նետող հիմնական ուժերից մեկը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով