Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակա…

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռոսսիա» տոնավաճառում գործող հազարավոր վարձակալներ կանգնած են լուրջ սոցիալական աղետի առաջ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տոնավաճառի տարածքներում աշխատողներին այսօր տրվել է վերջնաժամկետ մինչև մարտի 15-ը՝ տարիներ շարունակ զբաղեցրած իրենց առևտրային տարածքները ազատելու համար։
Հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասը շուրջ 15-20 տարի աշխատել է նույն վայրում, այսօր հայտնվել է փաստացի գոյաբանական խնդրի առաջ։ Մարդիկ կանգնած են գործազրկության, վարկային պարտավորությունների չկատարման և իրենց ընտանիքների սոցիալական փլուզման իրական վտանգի առջև։ Շատերի համար սա պարզապես բիզնեսի կորուստ չէ, այլ ապրուստի միակ աղբյուրի լիակատար կործանում։
Ըստ նույն տեղեկությունների՝ տարածքների ազատումը պայմանավորված է «Ռոսսիա» տոնավաճառը քանդելու և հարակից մոլը ընդլայնելու ծրագրերով։ Սակայն այս գործընթացն իրականացվում է առանց քննարկման, առանց վարձակալների հետ իրական բանակցությունների և առանց որևէ սոցիալական երաշխիքի այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ ապահովել են այդ տարածքի տնտեսական կյանքը։
Ստեղծված իրավիճակը հերթական անգամ բացահայտում է իշխանությունների՝ Խաչատուր Սուքիասյանի դեմքով, իրական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ։ Երբ հազարավոր մարդիկ մեկ օրում զրկվում են իրենց աշխատանքից, իսկ պետական կառույցները լռում են, ակնհայտ է դառնում, որ փոքր և միջին բիզնեսը այս երկրում փաստացի քանդվում է պետական մակարդակով։
Այս համատեքստում առաջանում է լուրջ և մտահոգիչ հարց․ արդյո՞ք հայ փոքր ու միջին ձեռնարկատերերին սնանկացնելով ճանապարհ չի հարթվում նոր բիզնես ծրագրերի համար, որոնք կծառայեն Խաչատուր Սուքիասյանի և նրա գործընկերների՝ այդ թվում թուրք և ադրբեջանական կապիտալի ներկայացուցիչների շահերին։ Ու՞մ համար է կառուցվում «նորը», և ինչու է դրա գինը վճարում հենց հայ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչը։
Ըստ տեղեկությունների՝ այսօր առավոտյան տուժած քաղաքացիները նախատեսում են հավաքվել «Ռոսսիա» տոնավաճառի դիմաց։ Սա բողոք է ոչ թե լավ կյանքից, այլ անելանելի վիճակից։ Երբ մարդուն զրկում են աշխատանքից և ապրուստի հնարավորությունից, բողոքը դառնում է վերջին միջոցը։
Անի Կարապետյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով