Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում մասնակցել …

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում մասնակցել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) 12-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված «Բիզնեսի և ֆինանսների օր» միջոցառմանը և հանդես եկել ելույթով՝ ներկայացնելով կենսաբազմազանության պահպանման ու էկոհամակարգային ծառայությունների արժևորման ոլորտում նախարարության առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները։
Այս մասին Համբարձում Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերի նախարարությանը (DEFRA) և «Ավիվա» ընկերությանը՝ այս կարևոր քննարկումը նախաձեռնելու համար՝ շեշտելով, որ բնությունն ու կենսաբազմազանությունը մեր տնտեսության և կայունության հիմքն են:
«Կենսաբազմազանության կորուստը դարձել է ամենախոշոր գլոբալ ռիսկերից մեկը՝ ազդելով տնտեսական դիմակայունության, հանրային առողջության և ֆինանսական կայունության վրա։ Այս համատեքստում շեշտել եմ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի կարևորությունը և 2030 թվականի նպատակներին հասնելու համար գործողությունների արագացման անհրաժեշտությունը։
Առանձնահատուկ շեշտադրել եմ մասնավոր հատվածի և ֆինանսների դերը՝ բնության ֆինանսավորման բացը փակելու, ֆինանսական հոսքերը կենսաբազմազանության նպատակներին համահունչ դարձնելու, ինչպես նաև նորարարական գործիքների կիրառման ուղղությամբ:
Ելույթում անդրադարձ եմ կատարել նաև IPBES 12-ում հաստատված «Բիզնես և կենսաբազմազանություն» գնահատմանը՝ որպես գիտական ճանապարհային քարտեզ, որն օգնում է բիզնեսին գնահատել բնությունից կախվածությունը, նվազեցնել ազդեցությունները և անցում կատարել բնությանը նպաստող գործելակերպի։
2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ հանդիպումը՝ COP17-ը` «Գործել հանուն բնության» կարգախոսով, կարող է դառնալ վճռորոշ հանգրվան՝ մասնավոր հատվածը դարձնելով կենսաբազմազանության պահպանության հաջողության հզոր շարժիչ»,- գրել է Մաթևոսյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով