Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կգրանցի առնվազն 6 տոկոս տնտեսական աճ Մամու…

Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կգրանցի առնվազն 6 տոկոս տնտեսական աճ
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ 2025 թվականի առաջին երեք եռամսյակում Հայաստանի տնտեսությունն արձանագրել է համապատասխանաբար 5,2, 6,4 և 6,2 տոկոս աճ, իսկ չորրորդ եռամսյակում ակնկալվում է ավելի բարձր ցուցանիշ։
«Երրորդ եռամսյակը եղել է ամենամեծը և վստահաբար կարող եմ ասել, որ չորրորդ եռամսյակը լինելու է դրանից էլ ավելի բարձր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշների հիման վրա»,-նշեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կկազմի մոտ 10,86 տրիլիոն դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն կհասնի մինչև 28 միլիարդ դոլարի՝ 2024 թվականի 26 միլիարդ դոլարի դիմաց։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 2025 թվականին կգերազանցի 9 հազար դոլարը։ «2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8556 դոլար, և 2025-ին մենք ակնկալում ենք անցնել 9 հազար դոլարի շեմը»,-ասաց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,1 տոկոս՝ նախորդ տարվա 8,3 տոկոսի համեմատ։ «Տնտեսության բոլոր ոլորտներն աճել են»,-եզրափակեց նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով