Ազգային ժողովի հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2026 թվականի մայիսի 26-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Ընտրողներն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները նաև մատչելի ընտրական տեղամասերի վերաբերյալ տեղեկատվությունները կարող են ստանալ 2026 թվականի ապրիլի 28-ից՝
— ընտրողների ցուցակներից, որոնք տեղադրված կլինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքում (www.mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am),
— տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկից, որը տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,
— Ընտրողների ռեգիստրից, որը որոնման հնարավորությամբ, տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել՝ 2026 թվականի ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է՝ 2026 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
Թողնել պատասխան