Ադրբեջանում անազատության մեջ պահվող Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա, եթե չլիներ Հ…

Ադրբեջանում անազատության մեջ պահվող Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա, եթե չլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բարելավվող միջավայրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ ամիս վերադարձան 4 անձինք, մեր հայրենակիցներ, Վագիֆ Խաչատրյանի դեպքում ես ուզում եմ ձեզ միանշանակ և աներկբա վստահեցնել, որ, եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, նա չէր վերադառնա Հայաստան, առնվազն չէր վերադառնա հիմա և տեսանելի ապագայում»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Բաքվի ռազմական դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավճիռներին և նրանց վերադարձի հնարավորությանը։
«Այդ վճիռներն, իհարկե, ինձ համար անձնապես էլ, մարդկայնորեն էլ, քաղաքական առումով շատ ցավալի են և ծանր են, բայց մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա և այդ իներցիան հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Թեմայի լուծման վերաբերյալ մեր պատկերացումը խաղաղությունն է, կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրն անլուծելի է։ Եթե խաղաղությունը չզարգանա, չինստիտուցիոնալացվի, խաղաղության մթնոլորտը չզարգանա, այդ հարցի լուծումը բացառվում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով