Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր դրական ազդեցությունն է ունեցել Հ…

Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Երևանը ցանկանում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հրապարակային, ինչպես նաև Եվրամիության գործընկերների հետ մասնավոր զրույցներում նշում է, որ շատ բարձր է գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունը և շատ դրական է գնահատում նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։

«Մենք համոզված ենք, որ առաքելությունն իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նաև նպաստել է, որ տարածաշրջանում կայունություն, ինչպես նաև սահմանային համայնքների բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը դրական ազդեցություն և կարևոր դեր է ունեցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման տեսանկյունից։
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործում կարևոր գործոն է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը։
Անդրադառնալով հարցին՝ կա՞ արդյոք պատկերացում, թե հետագայում որն է լինելու առաքելության աշխատանքը՝ Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը ցանկանում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակի գործունեություն ծավալել ՀՀ-ում։

«Մի բան հստակ է․ մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է այն ստորագրվի և վավերացվի, որպեսզի ուժի մեջ մտնի, և հետո հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով։ Բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում և կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,-ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Նա նաև հավելել է, որ հետագա համագործակցության ձևերը ԵՄ-ի հետ քննարկման փուլում են։

«Կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության շրջանակում մենք կարող ենք համագործակցել։ Մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից»,-նշել է Գրիգորյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով