գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատությո…

գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։
Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝
— դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
— վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
— ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,
— գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
— առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝
— գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,
— ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,
— ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։
Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։
Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։
Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։
Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ՝ «օրինակ լինելով հավատացյալներին՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12)։
Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։
Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով «մեկ մարմին և մեկ հոգի» (Եփես. Դ 4), հավատարիմ ու համախումբ մնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով