S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար…

🔴 S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար 2026-ին կանխատեսում է ՀՆԱ-ի 5.3 տոկոս աճ, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալությունը վերանայել է Հայաստանի իր կանխատեսումը:
2026 թվականի փետրվարի 20-ին S&P Global Ratings-ը վերանայել է Հայաստանի վարկանիշի իր կանխատեսումը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ, գործակալությունը հաստատել է երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները՝ արտարժույթով և ազգային արժույթով «BB-/B» մակարդակում:

«Դեպի «դրական» հեռանկարի վերանայումն արտացոլում է մեր այն տեսակետը, որ կա տարածաշրջանային աշխարհաքաղաքական և անվտանգության դինամիկայի բարելավման ներուժ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​և առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա առաջընթացի առումով»,-ասված է գործակալության հաղորդագրությունում:

S&P Global Ratings-ը Հայաստանի աճի հեռանկարները համարում է բարենպաստ՝ ընդգծելով, որ Հայաստանի ԿԲ-ի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը և ճկուն փոխարժեքը պետք է օգնեն մեղմել հնարավոր անսպասելի արտաքին ցնցումները։

«Մենք կանխատեսում ենք, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ն այս տարի կաճի 5.3 տոկոսով, իսկ 2027 թվականին՝ 4.8 տոկոսով»,-ասված է հաղորդագրությունում:

2022-2025 թվականներին Հայաստանի միջին աճը կազմել է բարձր՝ 7.8 տոկոս, ինչը S&P Global Ratings-ի կողմից վարկանիշավորվող143 սուվերեն պետությունների շարքում ամենաարագ աճի տեմպերից մեկն է։
S&P Global Ratings-ը կանխատեսում է, որ աճը կլինի հիմնականում սպառման և մասնավոր ներդրումների վրա հիմնված:
S&P Global Ratings-ը կանխատեսում է, որ դեֆիցիտը 2026-2029 թվականների ընթացքում կկազմի միջինը ՀՆԱ-ի մոտ 3.3 տոկոսը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով