Թորոսյանը նշել է, որ Հայաստանում կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որտեղ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որն այս պահին 24 հազար դրամ է։
«Փոփոխության արդյունքում այն դառնալու է 34 հազար դրամ, այսինքն՝ բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 հազար դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34 հազար դրամը ներառյալ, հետևաբար, բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10 հազար դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 հազար դրամ է. այն դառնալու է 46 հազար դրամ։ Սա նշանակում է, որ բարձրանալու է նաև ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, որը վճարվում է այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար՝ համապատասխանաբար 10 հազար դրամով։ 36 հազար, 37.5 հազար և 39 հազար դրամի փոխարեն դրանք դառնալու են 46 հազար, 47.5 և 49 հազար դրամ։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները, այստեղ, սակայն, բանաձևը մի փոքր այլ է, և որոշ դեպքերում տարբեր չափերով է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա։ Միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում բարձրացումը կլինի 10 հազար դրամից ավել՝ ընդհուպ մինչև 15 հազար դրամ, որոշ դեպքերում էլ՝ մի փոքր ավելի ցածր, որովհետև այդ կենսաթոշակներն արդեն իսկ բավականին բարձր են. միջինը մոտ 100 հազար դրամի շրջանակներում են այս կենսաթոշակները։ Բարձրանալու են նաև մնացած մեր որոշ քաղաքացիներին վճարվող կենսաթոշակները, որոնք ավելի փոքր են՝ կերակրողին կորցնողի կենսաթոշակ և այդպես շարունակ։ Ապրիլի 1-ից բոլորը կենսաթոշակները ստանալու են նշված տարբերակներով։ Հետվճարի հնարավորությունը ևս մնում է՝ անկանխիկ առևտրի դեպքում կենսաթոշակների և նպաստների 20 տոկոսի չափով՝ առավելագույնը 10 հազար դրամ։ Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր կենսաթոշակը բարձրացնել ևս 10 հազար դրամով՝ բացի արդեն հայտարարված 10 հազար դրամով բարձրացումը»,- մանրամասնել է Թորոսյանը։
Թողնել պատասխան