1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ XX համագումարի փակ նիստում Կենտկոմի առաջին քարտուղար…

1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ XX համագումարի փակ նիստում Կենտկոմի առաջին քարտուղար Ն.Խրուշչովը ընթերցեց «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցը։ Այն նվիրված էր Ի.Ստալինի անհատի պաշտամունքի, զանգվածային ահաբեկչության և 1930-ականների երկրորդ կեսի ֊ 1950-ականների սկզբի հանցագործությունների դատապարտմանը, որոնց մեղքը դրվում էր անձամբ Ստալինի վրա, ինչպես նաև Ստալինի օրոք բռնադատված կուսակցական և ռազմական գործիչների արդարացման խնդրին։ Զեկույցը համարվում է խրուշչովյան ձնհալի սկիզբը և «20-րդ դարի ամենաազդեցիկ զեկույցներից է»։
Ստալինի քննադատության յուրօրինակ նախապատրաստություն դարձավ համագումարում Ա. Ի. Միկոյանի ելույթը, ով կտրուկ քննադատեց ստալինյան «ՀամԿ(բ)Կ պատմության համառոտ դասընթացը», բացասական գնահատեց Հոկտեմբերյան հեղափոխության, Քաղաքացիական պատերազմի և խորհրդային պետության պատմության վերաբերյալ գրականությունը։ Ճիշտ է, Ստալինը, այդ ելույթում չէր հիշատակվում։
Ն. Խրուշչովը փակ զեկույցով հանդես եկավ աշխատանքների վերջին օրը՝ փետրվարի 25-ին, առավոտյան փակ նիստում։
Նրա հիմքում «Պոսպելովի հանձնաժողովի» նախապատրաստած նյութերն են, որը պարունակում էր միայն տեղեկություններ կուսակցական-խորհրդային ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների մասին, չէր շոշափում կոլեկտիվացումը և «կուլակաթափությունը», գերմանական գերությունից վերադառնալուց հետո բռնադատված խորհրդային ռազմագերիների խնդիրը։ Այնուամենայնիվ, զեկույցում հստակ ուրվագծվում էր զանգվածային բռնաճնշումների պատկերը։
Հանձնաժողովի եզրակացություններից հետևում էր, որ 1937-1938 թվականներին բռնադատվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ, որոնցից 680 հազարը՝ գնդակահարվել։
Փաստաթղթում հստակ սահմանվում էր Ստալինի անձնական պատասխանատվությունը հարցաքննությունների ժամանակ կտտանքների կիրառման, արտադատական հաշվեհարդարների և գնդակահարությունների համար։
Մաքուր Պատմություն📖

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով