Իրանում ոչ մի վակուում չի ձևավորվել, և պետության առաջնորդների խորհուրդը շարունակ…

Իրանում ոչ մի վակուում չի ձևավորվել, և պետության առաջնորդների խորհուրդը շարունակում է կառավարել երկիրն այս ծանր անցումային շրջանում
Մարտի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Իրանի դեսպանը, դիվանագիտական հաստատության աշխատակիցներն ու ասուլիսին ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և իրանցի մյուս նահատակների հիշատակը։
Այնուհետև դեսպանն իր խոսքում նշեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, անտեսելով այն հանգամանքը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթանում էին բանակցություններ, փետրվարի 28-ի վաղ առավոտյան հարձակվեցին Իրանի Իսլամական Հանրապետության վրա։

«Դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ իրանական կողմը բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմին ներկայացրել էր իրականանալու մեծ հնարավորություններ ունեցող առաջարկներ։ Դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Իրանը առավելագույն չափով դրսևորում էր բարի կամք, որպեսզի բանակցություններում գրանցվեր հաջողություն։ Մեզ համար շատ զարմանալի են այս աշխարհակարգում գոյություն ունեցող որոշ երևույթներ։ Այն կողմը, որը չի հետևում բանակցային գործընթացի տրամաբանությանը, ինչպե՞ս է առհասարակ մասնակցում այդ գործընթացին կամ ինչպե՞ս է որոշել մտնել բանակցությունների փուլ»,- ասաց Շիրղոլամին։

Նա խորը ցավով հայտնեց, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին, ով «իր ամբողջ կյանքն անցկացրել էր Իրանի ազատության ու անկախության համար մղվող պայքարի ճանապարհին»։

«Նա շարունակում էր ծառայել հայրենիքին ու իր ժողովրդի ազնիվ ձգտումներին։ Նա Իրանի ժամանակակից պատմության մեջ իրապես բացառիկ կերպար էր և հարազատ երկրի պաշտպանության գործում նահատակվեց որպես քաջարի որդի։ Այաթոլա Ալի Խամենեին շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, Հայաստանի ու Իրանի հայկական համայնքի նկատմամբ։ Նրանից մնացել են աջակցության բազմաթիվ խոսքեր՝ ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Կարելի է ասել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը վայելում էին Իրանի հոգևոր առաջնորդի աջակցությունը։ Նրա նահատակությունն իսկապես մեծ վիշտ է Իրանի պետականության ու ժողովրդի համար»,- նշեց դիվանագետը։

Շիրղոլամիի խոսքով՝ Իրանի ժողովուրդն ունի ամուր կամք և պատրաստ է ավելի մեծ հաստատակամությամբ պաշտպանել իր երկրի անկախությունն ու ազատությունը, ավելի մեծ եռանդով հետամուտ լինել իր նվիրական ձգտումների իրականացմանը։ Ըստ դեսպանի՝ իրական գաղափարներն ի դերև չեն լինում մարդկանց մահվան արդյունքում, և նրա պնդմամբ՝ «այդ հանգամանքը չհասկացան ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Իսրայելում»։
Նա հավելեց, որ Իրանի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել են ոչ միայն հոգևոր առաջնորդն ու զինված ուժերի մի քանի հրամանատարներ, այլև բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ Մինաբի տարրական դպրոցի 153 աշակերտուհիները։

«Այս ամենը ոչ մի արդարացում չունեցող հետք է թողնելու պատմության մեջ։ Հրեշտակների պես անմեղ երեխաներն արժանացան նման դաժան վերաբերմունքի։ Իրանի ողջ ժողովուրդը զգում է դառը իրականության և աննկարագրելի կորստի վիշտը»,- ասաց դեսպանը։

Դիվանագետը հայտնեց, որ Իրանի դեմ իրականացված հարձակումից ի վեր՝ զոհերի թիվն այս պահին հասել է 565-ի։ Նա հավելեց, որ հարձակման նախանշաններն առկա էին ավելի վաղ, քանի որ տարածաշրջանում տեղի էին ունենում ամերիկյան զինված ուժերի ակտիվ տեղաշարժեր։

«Նախապես հայտարարել էինք, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա ստանալու է համարժեք հակահարված։ Հայտարարել էինք նաև, որ ցանկացած երկրի տարածքում տեղակայված ռազմաբազա, որը կօգտագործվի հարձակման ժամանակ, մեզ համար կդառնա լեգիտիմ հակահարվածի թիրախ՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է գտնվում ամերիկյան ռազմաբազան։ Մենք արդեն ձեռնարկել ենք հակաքայլեր։ Իրանը գործողություններ չի իրականացնում հարևան երկրների դեմ, այլ պարզապես հակահարվածներ է հասցնում դրանցում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, որոնք տեխնիկապես աջակցել են Իրանի դեմ իրականացված հարձակմանը։ Մենք ունենք այդ ամենին հակադարձելու լեգիտիմ իրավունք, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներով»,- մանրամասնեց դիվանագետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով