Այսօր, երբ Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին, որն, իր դեպ, այս պահին շատ ավելի փաստաց…

Այսօր, երբ Իրանի ԱԽ քարտուղար Լարիջանին, որն, իր դեպ, այս պահին շատ ավելի փաստացի լիազորությունների է տիրապետում (այդ մասին, թերևս, առանձին կգրեմ), հայտարարում էր, որ Իրանը պատրաստվել է երկարատև պատերազմի, դա քարոզչական հռետորաբանություն չէր։
Իրանը խորությամբ ճանաչող ցանկացած մասնագետ գիտե, որ այս երկրի վրա հարձակման դեպքում պաշտպանության նպատակով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսում է գործել, այսպես կոչված, «մոզաիկական պաշտպանության» հստակ մշակված հայեցակարգով։
Եթե համառոտ բնութագրեմ այդ հայեցակարգը, ապա այն ենթադրում է հակառակորդի դեմ ապակենտրոնացված, անզուգաչափ և ցանցային հյուծիչ պատերազմ արտաքին հարձակման դեպքում։
Ըստ այդմ՝ Իրանի և դրա սահմաններից դուրս մերձակա տարածքը պայմանականորեն բաժանվում է բազմաթիվ ինքնուրույն պաշտպանական միավորների՝ ինչպես մոզաիկայի մասերն են։
Եթե կենտրոնական հրամանատարությունը զոհվում է, ավելի ցածր օղակների տեղային հրամանատարները հաջորդաբար շարունակում են գործել ինքնուրույն՝ հիմնվելով նախապես մշակված մարտավարության վրա։
Անզուգաչափ պատասխանը ներառում է միջին և կարճ հեռահարության հրթիռների և ԱԹՍ-ների համակցված տարափի մարտավարություն, մեծաթիվ
արագընթաց հրթիռակիր նավակների «մեղվի պարսի» սկզբունքով թշնամական խոշոր նավերի վրա հարձակում Պարսից ծոցում և երկրի սահմաններից դուրս իրանական արբանյակ խմբավորումների ակտիվացում հարձակողական ու դիվերսիոն գործողությունների համար։
Կարևոր դեր ունի աշխարհազորի զանգվածային մոբիլիզացիան ներքին անվտանգության ապահովման, բնակավայրերի ցամաքային պաշտպանության և երկարատև դիմադրության նպատակով։
Անհրաժեշտության դեպքում պատերազմի ձգձգումը և դրան համընդգրկուն ու հյուծիչ բնույթ հաղորդելը համարվում է կարևորագույն բաղադրիչ, քանի որ ծրագրված է, որ երկրի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել, այն հաշվարկով, որ նույնիսկ ռազմական գերակայություն ունեցող հակառակորդը քաղաքական և տնտեսական առումներով կբախվի լրջագույն ռիսկերի և անլուծելի խնդիրների։
Այժմ, ի դեպ, իրանական այս բազմաբաղադրիչ համակարգն անցնում է իր ամենալուրջ փորձությունն աշխարհի ամենահզոր գերտերության հետ պատերազմում։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով