Այսօր մի պահ հետեւում էի կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանին, մասնավ…

💥 Այսօր մի պահ հետեւում էի կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանին, մասնավորապես Իրանի վերաբերյալ հարցի մի դրվագի:
Այդ դրվագից հետո պարզապես մտորում եմ, թե ո՞րն է այդ հարցուպատասխանի իմաստը ներկայումս ընդհանրապես: Միեւնույն է, զուտ շոուի տեսանկյունից հաղթողը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա հայաստաննյան ներքաղաքական դաշտում անգերազանցելի շոումեն է: Ըստ այդմ, ինչու՞ ապահովել նրա համար այդ շոուի միջավայրը:
Ընդ որում, հենց Իրանի վերաբերյալ հարցից նա ստացավ իրեն անհրաժեշտ շոուն: Ես բոլորովին հեռու եմ մտքից, թե Հայաստան դաշինքի պատգամավորի հարցադրման նպատակը այդ շոուն ստանալու «հող» ապահովելն էր: Անկասկած, հարցերը հնչում են կառավարությանն ու նրա ղեկավարին բարդ իրավիճակում դնելու, նրանց անարդյունավետությունը կամ հանրությանը մատուցվող կեղծիքը բացահայտելու համար, եւ այլն:
Բայց, պարզ չէ՞ արդյոք, որ այդ մեխանիզմը Հայաստանում այլեւս բացարձակապես սպառված է, եւ առավել եւս այսօր շատ ավելի կարեւոր է հանրության հետ ուղիղ երկխոսության ձեւաչափին ապավինելը, այդ թվում իհարկե թե կառավարության վերը նշածս հանգամանքները բացահայտելու մղումով եւ բովանդակության, ու թե առավել լայն իմաստով հանրությանը պարզապես գործուն այլընտրանքային բովանդակություն մատուցելու:
Այլեւս հնարավոր չէ որեւէ մեկին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը «լավն» է, կամ «վատը»: Այս հարցում կողմնորոշումները այլեւս շատ հստակ են: Նրանք, որ համարում են Փաշինյանին «լավը» կամ «չարյաց փոքրագույնը», այլեւս անշրջելի են իրենց համոզումներում: Նրանք, ովքեր նրան համարում են «վատը», նույնպես՝ այլեւս չունեն հավելյալ համոզումների կարիք:
Այսօր կարիքը՝ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու, մեկն է՝ հանրությանը ներկայացնել համոզիչ այլընտրանքային բովանդակություն: Կամ այստեղ է փնտրվում Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու հաջողության բանալին, կամ այն չի գտնվելու պարզապես:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով