ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ոչ այսպիսի խաղաղության» մասին կամ «այ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ոչ այսպիսի խաղաղության» մասին կամ «այլ խաղաղությունից» խոսելիս որոշ մարդիկ նկատի ունեն պատերազմ` «հանուն ավելի լավ խաղաղության», ինչն, ըստ վարչապետի, աբսուրդ է։
Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը։
«Ասում են` մենք էլ դեմ չենք խաղաղությանը, բայց ուրիշ խաղաղության։ Այս խաղաղությունից նահանջելը, այս խաղաղությունից շեղվելը նշանակում է բոլորովին այլ բան։ Դա նշանակում է պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Իրենք այդպես չեն ասում, բայց փաստացի դա է ստացվում։ Ասում են` մենք ավելի լավ խաղաղություն ենք ուզում։ Ինչպե՞ս։ Ի՞նչ է ավելի լավ խաղաղությունը։ Այդ մարդկանց խոսույթը վերլուծելով` ես գալիս եմ հետևյալ եզրակացության. մարդիկ ուզում են պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Դա աբսուրդ է», — նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` որոշ մարդիկ ասում են, թե իշխանությունները բավարար չափով ուժեղ չեն, ուրիշներն էլ ասում են` բռնակալական իշխանություն է։

«Դա նշանակում է, որ մենք ճիշտ բալանսի վրա ենք։ Ես համաձայն եմ, թույլ իշխանությունն աղետ է։ Բայց երբ ասում են` իշխանությունը միջազգայնորեն թույլ է… Ամենապրիմիտիվ օրինակը բերեմ։ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ միջազգային օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներն են։ Բա այդ ուժեղ իշխանությունը չէր մտածե՞լ` օտարերկրացին այցելում է մեր երկիր, օտարերկրյա սահմանապահը սկսում է ծաղրել հյուրին, ու հյուրի միջոցով` ծաղրել երրորդ երկրին։ Բա այդ ուժեղ ղեկավարների, այդ ուժեղ տղամարդկանց տան մուտքի մոտ կա՞ օտարերկրյա անցակետ։ Հիմա Հայաստան-Իրան սահմանային անցակետը նույնպես ամբողջությամբ Հայաստանի սահմանապահների հսկողության տակ է։ Բա այսպիսի թույլ իշխանություն կլինի՞, բռնել իր երկրի միջազգային օդանավակայանի անցակետն ապահովել է հարյուր տոկոս ինքնիշխանությամբ, նույնը` Իրան-Հայաստան սահմանային անցակետը։ Բա այդ ուժեղ իշխանությունը ինչո՞ւ չէր անում դա, ի՞նչն էր պատճառը», — ասաց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով