Ավագ բուժաշխատողների պարտադիր անհատական լիցենզավորման վերջնաժամկետին մնացել է ինը ամիս, սակայն այս խմբի համար քննական գործընթացը դեռևս չի մեկնարկել։
Անցումային լիցենզիա ստանալու քննական փուլը հաղթահարել է 905 մասնակից։ Այս մասին «Հետքին» տեղեկացրել են Առողջապահության ազգային ինստիտուտից (ԱԱԻ)։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը բոլոր ավագ բուժաշխատողները (բժիշկները-հեղ.) պարտավոր են ստանալ անհատական լիցենզիա։
🔻 Չնայած ավագ բուժաշխատողների լիցենզավորման վերջնաժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է, 2026 թվականի մարտի 10-ի դրությամբ այս խմբի քննական գործընթացը դեռ չի մեկնարկել։ ԱԱԻ-ն տեղեկացնում է, որ ներկայում ընթանում են քննական հանձնաժողովների ձևավորման և լիցենզավորման մեկնարկի տեխնիկական նախապատրաստման աշխատանքները, իսկ քննությունների ստույգ ժամանակացույցը կհաստատվի միայն հանձնաժողովների վերջնական ձևավորումից հետո։ Ինստիտուտը նաև նշում է, որ լիցենզավորման ենթակա մասնագետների հստակ թիվն այս պահին հնարավոր չէ հայտնել, քանի որ այն պարզ կդառնա միայն հայտերի ներկայացման և Բուժաշխատողների ռեգիստրում տվյալների մուտքագրման արդյունքում։
ԱԱԻ-ի նախորդ տարվա տվյալների համաձայն՝ 2022 թվականից մինչև 2025 թվականի հունիսի 3-ը հավաստագիր ստացած 45342 բուժաշխատողներից 17695-ը ավագ բուժաշխատողներ են։
📌 Այսինքն, եթե չհաշվենք 2025 թվականի հունիսի 3-ից մինչ օրս հավաստագրված բուժաշխատողներին, առնվազն 17695 ավագ բուժաշխատող պետք է քննություն հանձնի անհատական լիցենզիա ստանալու համար։
Թողնել պատասխան